Մատչելիության հղումներ

Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որը կորոնավիրուսի պայմաններում մարդկանց գումար չի տվել․ Գոցիրիձե


Վրաստան - Վարչապետ Գիորգի Գախարիան ելույթ է ունենում խորհրդարանում, 27-ը մայիսի, 2020թ.
Վրաստան - Վարչապետ Գիորգի Գախարիան ելույթ է ունենում խորհրդարանում, 27-ը մայիսի, 2020թ.

«Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մինչև հիմա բնակչությանը ֆինանսական օգնություն չի տրամադրել», - հայտարարել է երկրի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն մայիսի 27-ին խորհրդարանում անցկացված լսումների ժամանակ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հաշվետվություն էր ներկայացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կառավարության գործունեության մասին։ Նա մեկուկես ժամ ելույթ էր ունեցել, այնուհետև պատասխանել պատգամավորների շուրջ չորս տասնյակ հարցերին։

Արձագանքելով նրա ելույթին՝ Ռոման Գոցիրիձեն ասել է․ - «Մինչև հիմա դուք ոչ մի ցենտ չեք վճարել մարդկանց։ Երկրորդ՝ այսօրվա Ձեր ելույթից ցնցող բան պարզվեց, որի վերաբերյալ, COVID-19 հիմնադրամի ծախսերի մասին նախկինում ես Ձեզ հարցում էի ուղարկել, ինչո՞ւ այն թափանցիկ չէ։ Ինչի՞ վրա եք պատրաստվում ծախսել այդ գումարները։ Հիմնադրամում 133 միլիոն լարի է հավաքվել, իսկ այսօր մենք տեղեկանում ենք, որ դա ռեզերվային ֆոնդ է, և Դուք շնորհակալություն եք հայտնում Բիձինա Իվանիշվիլիին նշանակալից հատկացում կատարելու համար։ Օգտագործեք հիմնադրամի գումարները, իսկ դոնորների օգնությունը թողեք ռեզերվում», - դիմելով վարչապետին՝ ասել է ընդդիմադիր գործիչը։

Գիորգի Գախարիան ասել է, որ վճարումները կսկսվեն այս շաբաթվանից։ «Մենք երբեք չենք խոստացել, որ դա կարվի ապրիլի 1-ից կամ մայիսի 1-ից: Մենք ասել ենք, որ այդ ամենը կլինի մայիսի 20-ից հետո։ Մենք հետևում ենք մեր խոսքին։ Բոլորը, ովքեր կարիք ունեն և կհիմնավորեն դա, օգնություն կստանան», - հավաստիացրել է վարչապետը։

Ամփոփելով լսումները՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, թե հաղթահարվել է համավարակի առաջին փուլը միայն։ Նրա խոսքով՝ բոլորը պետք է հասկանան, որ առջևում սպասվում են ամենածանր վեց ամիսները, և հույս ունեն բնակչության իմաստության, արդարության և աջակցության վրա։

«Բոլորը պետք է իմանան և հասկանան, որ ամենամեծ մարտահրավերները մեզ սպասում են առաջիկա վեց ամիսներին՝ ինչպես առողջապահության և համավարակի դեմ պայքարի տեսակետից, այնպես էլ տնտեսական խնդիրները հաղթահարելու և տնտեսական վերելք ապահովելու առումով։ Մենք նաև չպետք է մոռանանք, որ այդ վեց ամիսների ընթացքում պետք է օրինակելի ընտրություններ անցկացնենք», - ընդգծել է Գախարիան։

Գալիք աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցության շուրջ իշխանությունների և ընդդիմության միջև երկարատև տարաձայնությունները հարթվել են, կողմերը համաձայնության են եկել՝ իշխանությունների վրա Արևմուտքի ճնշումների շնորհիվ։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման ներկայիս իրավիճակին, ապա Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ օրական արձանագրվում են եզակի դեպքեր, և համավարակային իրավիճակը հանդարտվում է։

Միաժամանակ, նա նշել է, թե հանգստանալու հիմքեր չկան, առաջին հերթին ընդգծելով, որ Վրաստանի հետ սերտ կապեր ունեցող և անմիջական հարևան բոլոր երկրներում լարված իրավիճակ է և լուրջ համավարակ։ Նա նշել է, որ ինքնագիտակցության վրա հենվելով անհրաժեշտ է հետևել սահմանափակումներին, հետևել անհատական և հանրային հիգիենային, ախտահանել ձեռքերը, խուսափել բազմամարդ հավաքներից, դիմակներ կրել, մասնավորապես՝ առաջիկա օրերին աշխատելու է տրանսպորտը, և ուղևորները պետք է դիմակներով լինեն։

Վրաստանում անցած մեկ օրում կորանավիրուսի ընդամենը 3 դեպք է հաստատվել, իսկ բուժվածների թիվն ավելացել է 16-ով։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 738 դեպք, կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, բուժվել է 573-ը, կարանտինի մեջ է հազարից ավելի մարդ, ևս 250-ը հիվանդանոցներում գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Վերադառնալով Վրաստանի խորհրդարանական լսումներին, վարչապետի, պատգամավորների ելույթներից բացի, լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ մի խումբ ակտիվիստներ խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են կարմիր ներկած ձեռքերով՝ խորհրդանշելով արյունոտ ձեռքեր։ «Շեցվալե» շարժման ակտիվիստները անցյալ տարվանից, երբ Գիորգի Գախարիան դեռ ներքին գործերի նախարարն էր, պահանջում են նրա հրաժարականը Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների դեմ ոստիկանական բռնաճնշումների համար։ Անցած տարվա հունիսի 21-ին նրա հրամանով էին ոստիկանները ուժ կիրառել ցուցարարների դեմ։ «Եթե Գախարիան անգամ պատի ու ջրի միջով անցնի, մենք, միևնույն է, նրան կհիշեցնենք, որ նա Մոսկվայի մարդն է ու արյունոտ դահիճ», - հայտարարել է ակտիվիստ Գիորգի Կապանաձեն։

Ընդդիմությունը ևս վարչապետին խորհրդարան է հրավիրել հարցերի պատասխանելու համար։ Ընդդիմության հրավերով Գախարիային խորհրդարանում սպասում են վաղը։

XS
SM
MD
LG