Երևանցիները հիմնականում պահպանում են դիմակ ու ձեռնոց կրելու պահանջը

Հայաստանում արդեն 10 օր է, ինչ վերսկսել է հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ հստակ սահմանված կանոններով. միկրոավտոբուսներում և ավտոբուսներում կանգնած ուղևոներ չպետք է լինեն, բոլորը պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Դիմակները պարտադիր են նաև ուղևոր ունեցող մարդատար մեքենաներում։

«Ազատությունն» այսօր շրջեց մայրաքաղաքում` պարզելու, թե արդյո՞ք հետևում են վարորդներն ու ուղևորներն այս պահանջներին։

Կանգառում ավտոբուսի սպասող քաղաքացիները վստահեցրին, թե մշտապես կրում են դիմակները:

Սպասող կանանցից մեկը պնդեց, որ եթե բոլորն իրենց ընտանիքի նման ի սկզբանե լուրջ վերաբերվեին կորոնավիրուսին այս իրավիճակն այսօր չէր լինի. – «Մարդկանց մակարդակը բարձր չի էդքան: Չեն գիտակցում»:

Ավտոբուսներից մեկում վարորդը դիմակով ու ձեռնոցներով էր, սրահում ախտահանիչ միջոց կար, ամեն ինչ կարգին էր, միայն թե տարեց ուղևորներից մեկը դիմակ դնելու ձևը չգիտեր:

Մեկ այլ ուղևոր անձնամբ է նկատում կարգազանցներին՝ դիմակներ ու ձեռնոցներ չդնողներին. – «Հաճախ կան նման դեպքեր, որը շատ վատ ա: Էս դեպքում ի՞նչ անի կառավարությունը...»

Մեկ այլ ուղևոր հույս հայտնեց , որ գոնե հիմա քաղաքացիներն ավելի կարգապահ կլինեն, ասաց, որ երկրի առաջին դեմքերն են այսօր չնայած շոգին դիմակներով, անգամ կաթողիկոսն է պաշտպանիչ միջոց կրում։ Տղամարդու կարծիքով, սա էլ ազդեցություն կթողնի մարդկանց վրա. – «Մենք... դանակը ոսկորին պիտի հասնի, նոր... Ոչ մի տնտեսական հեղափոխություն, հեղաշրջում կամ աճ չի կարա տեղի ունենա, եթե ազգի մեջ ներքին կարգապահությունը և էդ ամեն ինչը գոյություն չունի»:

Օրեր առաջ համացանցում տարածվել էին գերբեռնված երթուղայինների լուսանկարներ: Սակայն այսօր մենք նման տեսարանի ականատես չեղանք։

Երեկվանից հանրապետության միջմարզային ճանապարհներին ոստիկանության անցակետեր են գործում, ոստիկանները ստուգում են մեքենաներում անվտանգության կանոնների պահպանումը: Տաքսիների դեպքում, բացի դիմակ կրելու պահանջից, արգելվում է դիմացի նստարանին ուղևոր տեղափոխելը։

Կոտայքի մարզում ոստիկաններն անցակետում հետևում են բոլոր մեքենաներին, խախտումների դեպքում էլ կանգնեցնում։

Ոստիկանները անվտանգության կանոնների խախտման դեպքերով արձանագրություն են կազմում՝ տուգանք նշանակելով։ Երեկվա դրությամբ արդեն շուրջ 1000 արձանագրություն է կազմվել։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն սահմանված կանոնները. – «Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե ինչքանով են կատարվում սահմանված կանոնները»:

Երևանի Հյուսիսային ավտոկայանում, որտեղից ուղևորները մեկնում են Հայաստանի մարզեր, վստահեցրին, որ հետևում են բոլոր կանոններին։