Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք, քիչ առաջ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը, այդ իսկ պատճառով էլ վարչական հարկադրանքի միջոցներ կկիրառեն: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորանավիրուսի տարածման հաճախականությունը կամ դրանք մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով` կանոնների պահպանման վերաբերյալ: Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի` արդյոք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ` սահմանված կանոնի համաձայն, ունեն դիմակ, թե չէ, և այն դեպքերում, երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները: Բայց էլի եմ ասում` մեր հիմնական անելիքն այս հարցում մենք համարում ենք մեր սիրելի քաղաքացիների հետ երկխոսությունը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն անցել է ապակենտրոն պայքարի մեթոդին, միաժամանակ չբացառեց, որ որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմ կարող է սահմանվել, առանձին համայնքներում դա սահմանվել է, օրինակ` Սևանում, Արենիում:
Պարետի տեղեկացմամբ` վարչական առումով կրկին լինելու են խստացումներ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ այս պահի դրությամբ վարակակիրներից 269-ը գտնվում են ծանր վիճակում, 51-ը` ծայրահեղ ծանր, իսկ 15-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտներ: Նախարարը նշեց, որ եթե քաղաքացիները պահեն կանխարգելիչ միջոցառումները, վարակի տարածումը վերահսկելի կլինի: