Մատչելիության հղումներ

Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ. վարչապետ


Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ՝ անդրադառնալով համաճարակային իրավիճակին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց նաև՝ ակնհայտ է՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը չի անհետանալու։

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում ավելացել է 372-ով, հասնելով՝ 7 հազար 774-ի, արձանագրվել է մահվան 7 դեպք, նրանցից 6-ն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, ընդհանուր առմամբ մահերի թիվը 98-ն է։ Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Առողջապահության նախարարությունը հաղորդում է նաև՝ Հայաստանում նախորդ օրն առողջացել է 35, իսկ այս պահին բուժում է ստանում 4 հազար 377 քաղաքացի։

Վարչապետը կրկնեց՝ կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Հաջորդ մեթոդը վարչապետը համարում է վարչականը. ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները:

«Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ռեյդեր ամենօրյա, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե ինչքանով են կատարվում սահմանված կանոնները», - ասաց վարչապետը:

Դիմակներ չկրելու դեպքում, կառավարությունն ավելի խիստ քայլերի է դիմելու, ընդհուպ դիմակ կրելը պարտադիր դարձնել ամենուր, առանց բացառության։

«Պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն-մենակ նստած է զբոսայգում և 10 կիլոմետր շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, բայց մենք դե յուրե պարտադիր կդարձնենք՝ վերահսկողությունն ուժեղացնելու համար, որովհետև մենք հասկանանք՝ եթե առանց դիմակի մարդ կա, ուրեմն ինքը պետք է տուգանվի, և դեռ, հլը, հարցի մեջ կդրվի՝ տան մեջ պարտադիր կդարձնենք, թե չէ: Մի քիչ չափազանցնում եմ, բնականաբար: Այսինքն՝ մարդը դուրս եկավ տնից առանց դիմակի, մենք կարող ենք էդպիսի որոշում կայացնել, որ կտուգանվի», - նշեց վարչապետը:

Փաշինյանը բացատրեց, թե ինչու է պետք պահպանել անվտանգության կանոնները, կրել դիմակներ. «Եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր: Այդ 14 հազար վարակակիրների 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է, սա է ամենակարևորը: Այսինքն ինքը չգիտի, որ ինքը վարակված է, և ինքը չգիտի, որ ինքը կարող է վարակել ուրիշներին: Ընդ որում, կարող են տասնյակ հարյուրավոր մարդիկ իրար վարակել ու չիմանալ, որովհետև էդ 100-ավոր մարդկանց միջից մինչև մի հոգու մոտ սիմպտոմներ չառաջանան և նա ստիպված չլինի դիմել բուժօգնության, որից հետո մենք հետահայացով նայենք, թե ում հետ է ինքը շփվել, էդ 100-ավոր մարդիկ իրար կվարակեն՝ չիմանալով, որ նույնիսկ վարակել են»:

Արտակարգ դրության ընթացքում կանոնների խախտման մասին տվյալներ ներկայացրեց ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման համար՝ 657։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ներկայացրեց, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր պարետի որոշմամբ կփակվեն, իսկ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը մեկ շաբաթում դադարեցրել է 290 տնտեսվարողի գործունեություն։

Առաջիկա չորս օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են, կարծում է կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարն ասաց նաև, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու, թեև զգուշացրել են, որ խուսափեն նման հավաքույթներից։

Վարչապետն ասաց՝ ոստիկանության վերահսկողությունից զատ՝ պետք է դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների համար պատասխանատվություն սահմանել։

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, վաղը՝ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Մուտքի և ելքի սահմանափակումներ են դեռ շարունակում գործել Սևան քաղաքում։ Պարետի որոշմամբ բացվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնք մուտքն ու ելքը, որը փակ էր մայիսի 16-ից։

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատերազմում բացահայտ պարտվում է, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Իրավիճակը շտկելու համար 8 հասարակական կազմակերպություններ պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին։

«Կառավարության այն քաղաքականությունը, որ դիմակներ կրելով և անհատական պաշտպանության միջոցներով հնարավոր կլինի կանխել լայնածավալ տարածումն, արդեն ակնհայտ է, որ չի գործում: Ո՞նց կարելի է սրճարաններ, մոլեր և նմանատիպ այլ տնտեսական գործունեությունը թույլ տալ, երբ որ ուղղակի մարդիկ մահանում են և մահանում են նույնիսկ չստանալով պատշաճ բուժօգնություն, դրա եզրին ենք մենք կանգնած: Առողջապահական համակարգն արդեն համարյա ամբողջությամբ ծանրաբեռնված է, և մի քանի օրից արդեն մենք կհասնենք վիճակի, երբ որ ռեանիմացիաները չեն կարողնա ընդունել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն», - ասաց Իոաննիսյանը:

XS
SM
MD
LG