Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով՝ հասնելով 7 հազար 774-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 3 հազար 255-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 53 հազար 678 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 98-ի, կորոնավիրուսով վարակված ևս 44 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 377 մարդ:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»:
«Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային կանոններ անվտանգության, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն, և փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի և կիրառելի», - հայտարարեց վարչապետը՝ մանրամասնելով. - «Ըստ այդմ՝ մեր համոզմունքն է, այսինքն, ոչ միայն մեր՝ մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալին, որ կորոնավիրուսի դեմ մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն. առաջինը՝ կրել դիմակ, երկրորդը՝ պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, և երրորդը՝ պահպանել սոցիալական հեռավորություն»:
«Եվ հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը, և մեծ հաշվով՝ հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
«Դեռևս մեկ ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ: Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ», - նշեց պետության ղեկավարը:
«Եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ: Եվ մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը երկու մեթոդով՝ առաջինը հանրային հաղորդակցությունն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների, հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, <...> և երկրորդ մեթոդը վարչական մեթոդն է, և մենք պարետատան երեկվա նիստի արդյունքներով որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ, կամ ավելի ճիշտ՝ բոլոր քաղաքացիները առանց բացառության կիրառեն այդ կանոնները», - հայտարարեց Փաշինյանը: