Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանն այսօր զգուշացրեց՝ բոլոր այն պատգամավորները, ովքեր խորհրդարանի դահլիճում դիմակ չեն կրի, կնախազգուշացվեն և դահլիճից դուրս կհրավիրվեն։ Այս զգուշացումն, ըստ էության, վերաբերում էր ընդդիմադիր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով այսօր դահլիճ էր եկել առանց դիմակի։
Նկատենք, միայն վերջերս Ազգային ժողովում հատուկենտ պատգամավորներ էին դիմակներ կրում։ Այսօր, սակայն, խորհրդարանում իրավիճակ էր փոխվել։
«Ես` որպես Ազգային ժողովի նախագահ, նախազգուշացում եմ հայտարարելու, և ապա, եթե անհրաժեշտ լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի, ապա 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Արարատ Միրզոյանն ընդունեց` ինքն էլ է սխալ արել, երբ Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ փակ տարածքում դիմակ չի կրել.- «Ուզում եմ բոլորիդ առջև ասել և մեր քաղաքացիների առջև ասել` այո, ես սխալ եմ արել»:
Դուք չեք կարող պատգամավորին դուրս հրավիրել. Մարուքյան
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, Արարատ Միրզոյանին հակադարձեց՝ Սահմանադրության համաձայն` պարետի որոշումները չեն տարածվում խորհրդարանի վրա, և հետևաբար պատգամավորին դիմակ չկրելու համար դահլիճից դուրս հրավիրել չի կարող.- «Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները Դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, բնականաբար բոլորս կողմ ենք դիմակ կրելուն, բոլոր փակ տարածքներում դիմակ ենք կրում, բայց խոսելու ժամանակ, կամ երբ որ սոցիալական հեռավորությունը պահպանված է, պատգամավորը թող ինքն իր պատասխանատվությամբ որոշի` ինչ տիրույթում կրի կամ չկրի»:
«Ես Ձեզ ուզում եմ վերահաստատել, պարո՛ն Մարուքյան, ես կիրառելու եմ այդ միջոցները»,- նշեց ԱԺ նախագահը:
Արարատ Միրզոյանն ասաց ու կիրառեց` դիմակ չկրելու համար ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նախազգուշացվեց.- «Ուրեմն Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»:
Մարուքյանը հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ. Ռուբինյան
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ նախազգուշացումից հետո Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ հիշեցնելով, որ երբ իրեն իշխող խմբակցության պատգամավորները բռնության էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Միրզոյանը որևէ մեկին չնախազգուշացրեց.- «Երբ որ հարձակվում են բռունցքներով պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք չէ՞ հրավիրել մի օրով, 7 օրով, նախազգուշացում չեք չէ՞ հայտարարել»:
Էդմոն Մարուքյանին հակադարձեց իշխող «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը: Նա խայտառակություն որակեց Մարուքյանի պնդումները` զգուշացնելով, թե վերջինս հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ.- «Էս մարդն եկել է, Ազգային ժողովում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար: Սա ուղղակի խայտառակություն է»:
Շնչառական խնդիր ունեմ, չեմ կարողանում կրել. Գևորգ Պետրոսյան
Նախազգուշացում ստացած ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ Ազգային ժողովի նախագահի դեմ որևէ բան չունի, պարզապես առողջական խնդիրների պատճառով չի կարող դիմակ կրել.- «Շնչառական խնդիր ունեմ, չեմ կարողանում կրել: Այդտեղ որևէ մեկի անձը վիրավորելու նպատակ չկա, պարզապես ես չեմ կարողանում կրել: Էս ամբողջ երկրի խնդիրը Պետրոսյան Գևորգի դիմակ դնե՞լն է, ես չեմ հասկանում»:
Դիտարկմանը, թե գուցե գրություն բերի, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում դիմակ կրել, պատգամավորն արձագանքեց.- «Չէ, ես այդպիսի գրություններ չեմ պատրաստվում բերել, եթե կհեռացնեն, թող հեռացնեն: Մարդիկ կան, որ ամբողջ օրն առանց դիմակ ֆռում են էստեղ-էնտեղ, հետո գալիս են, կամեռայի առաջ դիմակով նկարվում են ու ցույց են տալիս, որ իրենք օրինապաշտ մարդ են, Գևորգ Պետրոսյանն էլ օրինախա՞խտ էր: Մի հատ, որ Դուք ուշադիր հետևեք, տեսեք` ընդհանրապես ով ինչով է զբաղվում, ավելի հետաքրքիր թեմաներ կլինեն»:
Հարցին` շարունակելո՞ւ է չկրել դիմակ, պատասխանեց.- «Կտեսնեք»:
Ավելի խիստ կլինեի ԱԺ նախագահի փոխարեն. Ալեն Սիմոնյան
Մինչ նախազգուշացում ստացած Գևորգ Պետրոսյանը կորոշի` հետագայում դիմակ կրելու է, թե ոչ, Ազգային ժողովի փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը կարծում է, որ խորհրդարանի նախագահն ավելի խիստ միջոցներ պետք է կիրառի և դիմակ չկրող պատգամավորներին հեռացնի դահլիճից.- «Ես ավելի խիստ կլինեի Ազգային ժողովի նախագահի փոխարեն, շատ ավելի շուտ կհեռացնեի»:
Մեր հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ, որ պատգամավորները հանկարծ որոշեցին համատարած դիմակներ կրել, Ալեն Սիմոնյանն ասաց, թե առաջ տարբեր կարծիքներ էին հնչում դիմակի անհրաժեշտության մասին, իսկ հիմա բոլորը եկել են այն եզրահանգման, որ դիմակը պաշտպանում է վարակից: Իսկ հարցին, թե ընդունում է այն քննադատությունը, որ սկզբից իշխանությունն, ըստ էության, լուրջ չէր վերաբերվում` դիմակներ չէր կրում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.- «Իսկ աշխարհում ո՞վ գիտի մինչև օրս միանշանակ սրա հետ կապված որևիցե թե լուծում, թե ամենաճիշտ լուծում»:
Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ իշխանությունը տապալել է համավարակի դեմ պայքարը, իսկ խորհրդարանում դիմակներ կրելու այս ֆլեշմոբը ընդամենը դերասանության նման մի բան է, որը կոնկրետ նպատակ ունի.- «Եվ իշխանությունները քանի որ շատ խիստ քննադատվել են, Արցախում ուտել-խմելու ժամանակ նկարը սպրդվեց մամուլ, հիմա ուզում են այդ նկարի պատմությունը մաքրել: Ըստ էության, ամեն բան ձախողած իշխանություն է, որն ուզում է իր բեռը բարդի մեկի վրա, չգիտեմ, Էդմոն Մարուքյանն է մեղավոր, Գևորգ Պետրոսյանն է մեղավոր, այն մեկն է մեղավոր: Դուք եք մեղավոր:
Հավելենք, որ երբ այսօր ողջ խորհրդարանը քննարկում էր Գևորգ Պետրոսյանի դիմակ չկրելու փաստը, Ազգային ժողովի դահլիճից իմքայլական Սասուն Միքայելյանը դուրս եկավ դեմքը բաց։ Երբ զարմացած հարցրեցինք, թե ինչո՞ւ է դիմակն իջեցրել, կատակեց՝ «կնոջ հետ խոսելիս դիմակը չի կարող չհանել»։