Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 289-ով, ընդհանուր հաստատված դեպքերը 7 հազար 402-ն են, որից փաստացի բուժվում են 4 հազար 52-ը։ Նրանցից 250-ը, ըստ Առողջապահության նախարարության, ծանր, 48-ը ծայրահեղ ծանր են, 16-ին էլ արհեստական շնչառություն է միացված։
Երեկ կորոնավիրուսով վարակված 75 անձ է առողջացել, 4-ը մահացել են։ 85-ամյա տղամարդն ու 70-ամյա, 83-ամյա, 81-ամյա կանայք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Կորոնավիրուսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 91-ի։
Կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսով վարակված խնամյալը քրոնիկ հիվանդություն ունի, և դեռ պարզ չէ՝ որտեղ է վարակվել՝ հաստատությունում, թե հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում։
«Շուրջ 21 մեկուսացված ունենք այս պահին հաստատությունում։ Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ դեռևս ախտանշաններ չկան։ Այսօր երեկոյան ամենայն հավանականությամբ Առողջապահության նախարարության մեր գործընկերները կայցելեն ՊՈԱԿ և կթեստավորեն մեկուսացված անձանց»,- «Ազատությանը» փոխանցեց Սոնա Մարտիրոսյանը:
Երեկ, ի դեպ, նախորդ օրերի համեմատ ավելի քիչ թվով թեստեր են իրականացվել՝ 960։ Ինչո՞վ է պայմանավորված դա, առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է՝ թեստավորել են իրենց կողմից այդ օրը, այսպես ասած, թիրախավորված քաղաքացիներին, մասնավորապես մեկուսացումից ու ինքնամեկուսացումից դուրս եկողներին, նրանց հետ փոխկապակցված անձանց.- «Կարիք է եղել այդքան մարդու թեստավորում կատարել, այսինքն` այդտեղ որևէ տողատակ գտնել, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք ունեցել ենք օրեր, մինչև 2 հազար, ունեցել ենք օրեր, մինչև 700, այսինքն` այդ ամեն ինչն ըստ օրվա տվյալների է որոշվում, թե քանի թիրախավորված անձ կա թեստավորման համար»:
Ախտանշան չունեցող վարակակիրներն արդեն ինքնամեկուսացվում են տանը, իսկ նրանց բացի տեղորոշման համակարգից, նաև ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության շրջիկ խմբերն են հսկում։ Որոշ դեպքերում ինքնամեկուսացումից արդեն դուրս եկած, իսկ որոշ դեպքերում էլ ինքնամեկուսացման մեջ գտնվող, բայց ոստիկաններին չներկայացող քաղաքացիներ են պատահում:
-Ես Արամն եմ։
-Դավիթն ո՞վ է։
-Դավիթը եղբայրս ա։
-Նա գտնվում է մեկուսացման մեջ, հետևաբար դուք էլ միասին, քանի որ բնակվում եք նույն բնակարանում, խնդրում ենք չխախտել մեկուսացման կանոնները։
Շրջիկ խմբի ոստիկանը մեզ վստահեցրեց, թե տեսել է նաև Արամին։ Եղավ նաև այսպիսի դեպք:
-Մեկուսացված չե՞ք։
-Չէ, Աստված չանի՜։
«Առաջնահերթություն են համարվում, մասնավորապես, ինքնամեկուսացման պայմանների խախտման վերաբերյալ ստացված ահազանգերը, այսինքն` շրջայցի ընթացքում եթե նման ահազանգ է լինում, ոստիկանության և Արտակարգ իրավիճակների աշխատակիցն առաջնահերթությունը դիտում է այդ հասցե այցելելով:
Քաղաքացիներից զանգեր կան, այո, բայց հիմնականում համակարգից են զանգերը գալիս, քանի որ ինքնամեկուսացված անձանց տեղաշարժը վերահսկվում է տեխնիկական միջոցներով», - «Ազատությանն» ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության աշխատակից Էդգար Պետրոսյանը:
Վերջին 5 օրերի ընթացքում արդեն 81 անձ է պատասխանատվության ենթարկվել: Ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար 100-ից 250 հազար դրամ տուգանք է նախատեսվում։ Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսված նաև Քրեական օրենսգրքով, երբ ինքնամեկուսացվածը, այլ մարդկանց վարակելով, նրանց առողջությանը ծանր վնաս է հասցրել կամ էլ վարակվածի մահվան պատճառը դարձել։ Ազատազրկման առավելագույն ժամկետը 4 տարի է։ Նման իրավախախտումներ դեռևս չեն արձանագրվել, տեղեկացնում են ոստիկանությունից։
Իսկ դիմակ չկրելու համար վերջին օրերին 145 անձ է տուգանվել, տրանսպորտային միջոցներում սահմանված կարգը խախտելու համար էլ ոստիկանությունը 157 արձանագրություն է կազմել։