Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկից միայն կես ժամ անց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին` արձանագրելով, որ վերջինս դիմակ չի կրում:
«Պարո՛ն Պետրոսյան, բայց գիտեք` արդեն Ֆեյսբուքով տարածվում են մեղադրանքներ առ այն, որ ես չեմ ապահովում դիմակների առկայությունը հանձնաժողովի անդամներին, և պետք է պատժել ոչ միայն Ձեզ, այլ նաև ինձ»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանն արձագանքեց.- «Հասկանալով, որ ժողովուրդը հետևում է, դրա համար չպատասխանեմ էլի»:
Այսքանով փակ տարածքում պատգամավորի դիմակ չկրելու հարցը փակվեց, և Պետրոսյանը սկսեց ներկայացնել իր օրենսդրական նախաձեռնությունը, որը միտված էր դատարանում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող հայցերի քննությունն արագացնելուն։ Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին Պետրոսյանի հռետորաբանությունը դուր չեկավ, Պետրոսյանին էլ` Բաղդասարյանի միջամտությունը.- «Եվ այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, էլ մի շեղեք այդ ճշմարտությունը, եկեք, ուրիշ բան ասեք այստեղ: Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը կա»,- ասաց Պետրոսյանը:
«Պարո՛ն Պետրոսյան, հարգելի՛ գործընկերներ, պարո՛ն Պետրոսյան, պարո՛ն Բաղդասարյան, խնդրում եմ, ես խնդրում եմ...»,- Վարդանյանն այս խոսքերով փորձում էր հանդարտեցնել գործընկերներին:
«Մի հատ հլը Դուք Ձեր չափի մեջ մնացեք... դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես, գիտեմ, որ դու Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,- շարունակում էր Պետրոսյանը:
Կրքերը հանդարտեցնելու համար հայտարարված ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավ հայտնեց, որ հանձնաժողովի նիստում նման միջադեպեր են տեղի ունենում և ոչ միայն.- «Ցավում եմ նաև, որ իմ հորդորը ընկերական, օրինակ` դիմակ կրելու ևս չի լսվում»:
Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գևորգ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու չնայած փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջին` ինքը նիստերին ներկայանում է առանց դիմակի.- «Ես ընդհանրապես դիմակ չեմ կրում»:
Դիտարկմանը, որ կա որոշում, և սա իրավախախտում է համարվում, նա արձագանքեց.- «Դա պարտադիր բնույթ չունի, ես դիմակ չեմ կրում: Փակ տարածքներում, դրա մասին (դիմակ կրել) մտածողները թող ուրեմն նիստ չանեն: Որտեղ որ պետք է, մարդիկ հավաքվում են, 20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների, հիմա ասենք 10 հոգու մեջ մեկ հոգու դիմակ չկրելը էտքան վտանգավո՞ր է:
Ես որևէ մեկին չեմ վտանգում, էտ հլը հարց է` դիմակ կրողն է իրենից վտանգ ներկայացնում, թե դիմակ չկրածը»:
Հարցին, թե շարունակելո՞ւ է դիմակ չկրել, ասաց.- «Ես դիմակ ընդհանրապես չեմ կրում»:
Օրակարգային մյուս հարցով հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերի փաթեթին, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Հարցի քննարկմանն ընդդիմադիր և ոչ մի պատգամավոր չկար:
«Չեղարկման ինստիտուտի կիրառման արդյունքը, ենթադրենք, կիրառեցինք, և ինչ նախագիծ կդրվի խորհրդարանում քվեարկության, այսինքն` ինչպիսի, արդեն այդտեղ է խնդիրը»,- ասաց Հովակիմյանը:
«Ազատության» հարցին` վստա՞հ է, որ ինչ էլ, որ բերվի, պակաս ժողովրդավար չէ լինելու, քան հանրաքվեն, պատգամավորը պատասխանեց.- «Ոչ պակաս ժողովրդավար չի լինելու, որովհետև այն, ինչ որ բերվի, մեր տրամադրության տակ եղած գործիքակազմով ապահովելու ենք, որ լինի նույնքան ժողովրդավար: Դրա համար եմ ասում, որ կա մի գործընթաց, որ այն էր, հիմա պիտի լինի այլ գործընթաց, այդ գործընթացը երբ որ կլինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա լինի նույնքան ժողովրդավար, որքան այն առաջինը, եթե հանրաքվեի տարբերակով արվեր»:
Հանձնաժողովը որոշեց նաև Ազգային ժողովի խորհրդին առաջարկել փաթեթը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Նախագծի հեղինակը որպես հիմնավորում նշեց` հանրաքվեի շուրջ առկա անորոշությունը հնարավորինս արագ լուծելու համար է: Ապրիլի 5-ին նշանակված, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգված հանրաքվեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցով էր: Հայաստանի օրենսդրությունը նշանակած հանրաքվեն չեղարկելու որևէ մեխանիզմ չի նախատեսում: