Չեչնիայի Գուդերմես քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները բողոքել էին բժշկական դիմակների և արտահագուստի պակասից: Նրանք բողոքի հավաք էին կազմակերպել հիվանդանոցում, և այս մասին տեղեկությունը տարածվել էր սոցցանցերում:
Միջամտել են ռուսաստանյան այդ հանրապետության իշխանությունները: Բժիշկներն ու բուժքույրերը պետական հեռուստաընկերության եթերում ներողություն են խնդրել՝ ասելով, թե սխալվել են, սակայն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սրանով չի բավարարվել և պահանջել է բողոքի ակցիային մասնակցած բոլոր բուժաշխատողներին ազատել աշխատանքից:
Կադիրովը հայտարարել է, թե Չեչնիայում անձնական պաշտպանության միջոցների և դեղերի բավարար քանակ կա ոչ միայն հանրապետության կարիքների համար, այլև հարևան շրջաններին օգնելու համար:
Աշխատանքից ազատվել է նաև Գուդերմեսի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և նրա փոխարեն նշանակվել է Չեչնիայի նախկին փոխվարչապետը: Այս մասին սյուժե են ցուցադրել պետական հեռուստաընկերության եթերում: Դրանում մասնավորապես պատմում էին, թե իրականում ամեն ինչ կա հիվանդանոցում, սակայն գլխավոր բժշկի վատ աշխատանքի պատճառով՝ բոլոր բուժաշխատողները չէ, որ գիտեին այդ մասին:
Ռուսաստանում բժիշկները պարբերաբար բողոքում են թե՛ պաշտպանության միջոցների բացակայությունից, թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստացած հավելյալ վճարումների բացակայությունից:
Նախօրեին Պուտինը հեռավար խորհրդակցության ժամանակ նույնիսկ բարկացել էր պաշտոնյաների վրա և պահանջել, որ խոստացված հավելյալ վճարումները շտապ արվեն բոլոր բուժաշխատողներին, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Իսկ Մոսկվայի մարզի բլոգերները հաշվարկել են, որ մարզում ամենուրեք փակցված «Շնորհակալություն բժիշկներին» գրությամբ պաստառների համար մարզային իշխանություններն ավելի շատ գումար են ծախսել, քան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին հավելյալ վճարումների համար: