Մարալիկի բուժկենտրոնի աշխատակիցները պահանջում են լիարժեք աշխատավարձ ինքնամեկուսացման ժամանակատվածի համար

Աշխատակազմի անդամների շրջանում կորոնավիրուսի տարածումից հետո փակված Մարալիկի առողջության կենտրոնը վերսկսկել է գործունեությունը։

14-օրյա մեկուսացումից հետո այսօր աշխատանքի վերադարձած բուժանձնակազմը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով, որ վճարեն ոչ թե անաշխատունակության թերթիկով հասանելիք, այլ ամբողջ աշխատավարձը, քանի որ մեկուսացվել էին ոչ իրենց մեղքով։

«Երևույթն է տգեղ։ Մեր ստացած աշխատավարձն այնքան չնչին է՝ 45, 40 հազար, 25 հազար, անգամ էդ կարգի աշխատավարձ ստացողներ կան, ու հիմա էդ աշխատավարձի 80 տոկոսը պիտի ստանանք։ Էդ է մեր ակցիան բողոքի», - ասած աշխատակիցներից մեկը։

«Ես առողջ մարդ, ինձ նստացրել են տունը։ Ես մեղավոր չէմ։ Ես կարող էի աշխատել․․․ հիմա ասում են բյուլետեն։ Ինչի՞ հիման վրա ինձ պիտի բյուլետեն տա։ Էդ 20 տոկոսը մեզ համար փող է էսօրվա օրը», - հավելեց նրա գործընկերը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը վկայակոչում է իրավական այն ակտերը, որոնց համաձայն 14 օր մեկուսացած բուժաշխատողները վճարվելու են ըստ անաշխատունակության թերթիկի։

«Համավարակով պայմանավորված, նաև սահմանվել են իրավական կարգավորումներ կարանտինի և ինքնամեկուսացման մեջ գտնվող աշխատող անձանց վերաբերյալ։ Տնային մեկուսացման, ինչպես նաև կարանտինային հսկողության մեջ գտնված 14 օրերի համար նրանց տրամադրվելու է անաշխատունակության թերթիկ, և վճարվելու են անաշխատունակության թերթիկով։ Նրանք կարգավորվում են համապատասխան իրավական ակտերով։ Դրանք են՝ մարտի 16-ի Կառավարության 296Ա որոշումը, 2011 թվականի Կառավարության 1024Ն որոշումը, ինչպես հունվարի 31-ի նախարարի նաև 336Ա հրամանը»։

Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն արդարացի չեն համարում դա՝ գտնելով, որ իրենք ռիսկային գոտում են աշխատում․ - «Մեր բժիշկները, մեր բուժքույրերը, ոչ մեկը իրանց ցանկությամբ չէ, որ հիվանդացել են։ Շփվել են հիվանդի հետ, անշահախնդիր աշխատել են, հիվանդացել են։ Մարդիկ մեղավո՞ր են․․․ Ե՛վ ֆիզիկապես են վնաս կրում, և՛ ֆինանսապես»։

Նրանք տարակուսում են, թե ինչ պիտի գրեն անաշխատունակության թերթիկում, եթե իրենց երկու թերտերի պատասխանները բացասական են եղել․ - «Էդի Քովիդ-19-ի պատճառով է, հմի մեզի գրեն Քովիդ-20, հա՞․․․»

Լեյլի Ասլանյանն այս հարցի պատասխանն ուներ․ - «Գրվում է որպես կորոնավիրուսային կոնտակտավոր»։

Մարալիկի առողջության կենտրոնը գործունեությունը դադարեցրել էր ապրիլի 17-ից, քանի որ 92 հոգանոց բուժանձնակազմից 25-ի մոտ կորոնավիրուս էր հաստատվել։ Վարակվածների մի մասը ապաքինվել է, բայց դեռ ինքնամեկուսացված է տանը։