Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստան - Բուժաշխատողներ մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժօգնություն են ստանում կորոնավիրուսով վարակվածները, 7-ը մայիսի, 2020թ.

Մտահոգիչ ապատեղեկատվություն

Տասնյակ երկրների առողջապահական համակարգի ավելի քան հարյուր մասնագետներ՝ բժիշկներ, համաճարակաբաններ, հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով Ֆեյսբուքի, Գուգլի և Թվիթերի ղեկավարությանը ավելի համակարգված պայքար մղել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ:

«Մեր խնդիրը մարդկանց անվտանգությունն ապահովելն է, ներկայումս, սակայն, մենք գործ ունենք ոչ միայն պանդեմիայի, այլ նաև համաշխարհային ինֆոդեմիայի հետ, որի պայմաններում ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում՝ վտանգելով աշխարհով մեկ մարդկանց կյանքերը», - ասված է նամակում, որի տակ ստորագրել են աշխարհի ճանաչված բժիշկները:

Թեև կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 4 միլիոնին, զոհվել է արդեն 271 հազար մարդ, այուհանդերձ, ինչպես նշում են առողջապահական ոլորտի մասնագետները, շատերը շարունակում են կասկածի տակ դնել համաճարակի վտանգավորությունը կամ դավադրական տեսություններ հորինել կորոնավիրուսի շուրջ:

Վարակակիրների և զոհերի ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է, կորոնավիրուսը չի շրջանցել նույնիսկ Սպիտակ տունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Համաճարակի դեմ աշխարհում որևէ երկիր ամիսներ շարունակվող պայքարից հետո հաղթանակ չի տարել, վարակը շարունակում է սրընթաց տարածվել: Միացյալ Նահանգներում, որը թե’ վարակակիրների և թե’ մահվան ցուցանիշներով առաջին երկիրն է, վարակված է 1 միլիոն 255 հազար, զոհվել է ավելի քան 75 հազար 500 հոգի:

Կորոնավիրուսը չի շրջանցել անգամ Սպիտակ տունը: Անցած օրերին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ նույնպես վարակ է հայտնաբերվել, ինչից հետո նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը կորոնավիրուսի հերթական թեստն են հանձնել, որի արդյունքները, ինչպես հայտարարել է նախագահը, բացասական են:

«Շատ քիչ եմ շփվել այդ պարոնի հետ, գիտեմ նրան, շատ լավ անձնավորություն է, Մայքն էլ նրա հետ քիչ է շփվել: Երկուսիս արդյունքն էլ բացասական է», - ասել է Թրամփը:

Եվրոպան Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի օրը նշում է առանց շքերթների և հանդիսությունների

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաները նշում են Հաղթանակի օրը, Լոնդոն, 8-ը մայիսի, 2020թ.

Եվրոպական աշխարհամասում այսօր տոն է՝ արևմտյան երկրներում մեկնարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները, 75 տարվա ընթացքում առաջին անգամ փակ դռների ետևում: Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դեմ Հաղթանակի օրը նշել են առանց շքերթների, հանդիսավոր միջոցառումների:

Եվրոպան, ինչպես վերջին ամիսներին հայտարարում են համաշխարհային առաջնորդները, բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատուհասած ամենամեծ մարտահրավերին:

Չնայած հակահամաճարակային ծանր կացությանը՝ Եվրոպայում շարունակում են թուլացնել կարանտինը

Ավստրիա - Վիեննայի փողոցներից մեկում, մայիս, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների մոտ 50 տոկոսը՝ 1,5 միլիոն, գրանցվել է Եվրոպայում: Մահվան ցուցանիշներով Եվրոպայում առաջին երկիրը Մեծ Բրիտանիան է՝ ավելի քան 30 հազար զոհ, վարակվածների ցուցանիշներով՝ Իսպանիան՝ ավելի քան 221 հազար վարակակիր: Վարակակիրների թվով առաջին հնգյակում Իտալիային, Գերմանիային և Ֆրանսիային հաջորդում է Ռուսաստանը, որտեղ օրական հաստատվում է ավելի քան 10 հազար նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն այդ երկրում հասնում է 190 հազարի:

Չնայած շարունակվող հակահամաճարակային ծանր կացությանը, եվրոպական երկրներում սկսել են զգուշորեն թուլացնել կարանտինային սահմանափակումները՝ ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը փրկելու համար: Որոշ երկրներ՝ Չեխիան, Գերմանիան, Հունաստանը, Բալթյան երկրները, քննարկում են սահմանները բացելու ուղիները, Ավստրիան հաջորդ շաբաթվանից կբացի բարերն ու ռեստորանները: Համաճարակից ամենաշատը տուժած երկրներից Իսպանիայի կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի որոշ սահմանափակումներ թուլացնելու հերթական պլանը, մինչ այդ, սակայն, արդեն թույլատրել է բացել ծովափը. Բարսելոնայում այսօր մարդիկ շտապել են ծովի մոտ, որն անհասանել էր շաբաթներ շարունակ:

«Ազատություն: Ամբողջ կյանքս զբաղվում եմ լողով, չեմ պատկերացնում ինձ առանց ծովի», - Reuters-ի հետ զրույցում ասել է լողորդուհի Մարթա Տորենտսը:

Հարևան Իտալիայում միլիոնավոր քաղաքացիներ վերադառնում են աշխատավայրեր, կարանտինային սահմանափակումների մեծ մասը, սակայն, կպահպանվի՝ այդ թվում ուժի մեջ կմնա եկեղեցի այցելելու արգելքը:

Եկեղեցու հոգևոր սպասավոր Դոն Ջուզեպե Կաստելվեչիոն երկամսյա մեկուսացումից հետո քարոզը եկեղեցուց տեղափոխել է փողոց: Նա մեքենային ամրացրել է բարձրախոսը և փողոցից փողոց անցնելով՝ Աստծո խոսքն է կարդում պատուհաններից ունկնդրող իտալացիների համար:

Նոր իրականություն

Հունգարիա - Հերթ Բուդապեշտի խանութներից մեկի մուտքի մոտ, արխիվ


Համաճարակի տարածումը կանխելու նպատակով ավելի քան երկու ամիս մեկուսացած աշխարհն աստիճանաբար փողոց է վերադառնում՝ բացահայտելով, սակայն, նոր իրականություն, որն արտահայտվում է գրեթե ամեն քայլափոխի ավելացած գույնզգույն նշաններով, գրություններով՝ գետնին, պատերին, դռների վրա, որոնք մեկ բան են հիշեցնում՝ սոցիալական հեռավորության մասին՝ կորոնավիրուսով չվարակվելու թիվ մեկ պայմանը:

«Հանուն անվտանգության եկեք իրարից երկու մետր հեռավորությամբ կանգնենք», - գրված է Մանչեսթրում տեղադրված վահանակի վրա: «Պահպանեք սոցիալական հեռավորություն», - կալիֆորնիական Սանտա Մոնիկա ծովափնյա քաղաքում են խնդրում: «Կանգնել այստեղ», - գրված է Բեյրութի խանութներից մեկի դիմաց գետնին գծված շրջանակի մեջ: