Ավելի քան 10 նախկին պաշտոնյա հետախուզման մեջ է. իրավապաշտպանների համար սա զարմանալի չէ

Հայաստանի իրավապահները որոնում են տարբեր հանցանքներում մեղադրվող նախկին իշխանության արդեն ավելի քան 10 ներկայացուցչի։ Ընդ որում, նրանց կեսը գտնվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում։

Իրավապահների հայտարարած վերջին հետախուզումը ՊԵԿ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի գործարար որդու նկատմամբ է։ Նա, իհարկե, պետական պաշտոն չի զբաղեցրել, բայց նրան առաջադրված մեղադրանքը կապ ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյա հոր գործունեության հետ։ Խաչատրյանին հայտնաբերելու օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են, «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից։

Անցած շաբաթ դատարանը որոշում կայացրեց կալանավորել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող Խաչատրյանին։ Մինչ կալանքի որոշումը նա ստորագրություն էր տվել երկրից չհեռանալու մասին։ Սակայն պարզվեց՝ Խաչատրյանն անհետացել է։ Փոխարենը նա հայտարարություն տարածեց՝ անօրինական որակելով կատարվածը և պնդելով՝ «նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»։

Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Գուրգեն Խաչատրյանը կվերադառնա այն ժամանակ, երբ քրեական գործը կվերադառնա քրեադատավարական ու օրինականության դաշտ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատահական չի համարում քրեական գործերով անցնողների փախուստը.- «Իհարկե, ամենածիծաղելին այն էր, որ փակ պայմաններում, երբ ամբողջ աշխարհի սահմանները փակ են, Հայաստանից հնարավոր է, որ ինչ-որ մարդ անհետանա: Դա, իհարկե, արդեն աբսուրդի ժանրից է: Բոլորովին զարմացած չեմ և պնդում եմ, որ եթե իսկապես չլինեն փոփոխություններ, մենք ունենալու ենք նոր «փախուստի» դիմածներ, նոր չբացահայտված գործեր, այնպես որ սա այն էր, ինչը մենք կանխատեսում էինք 2 տարի առաջ և շարունակում ենք պնդել այսօր` 2 տարի անց»:

Իրավապաշտպանների համար ամենևին էլ տարօրինակ չէ, որ Ռուսաստանը տեղ է տալիս Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչ մեղադրյալներին։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հեղափոխությունից հետո հայտարարում էր՝ նոր իշխանությունները պետք է քաղաքական գնահատական տան իրավապահ համակարգին և ազատվեն նրանցից, մինչդեռ դրա փոխարեն, օրինակ, նախկիններից շատերին նշանակեցին նոր պաշտոններում։ Այս վարքագիծն էլ բերեց նման իրավիճակի, պնդում է.- «Բազմաթիվ այլ գործող անձինք, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեին, որպեսզի ոստիկանության աշխատակիցը, նույն քննիչը, նույն դատախազը, նույն դատավորները հասկանային, թե որ գործողությունն է դատապարտելի, որ գործողությունն ընդունելի չէ, որն ընդունելի է: Երբ չկան պատասխանատվության ենթարկվածներ, և չկան գնահատականներ, թեև գնահատականները բանավոր հնչում են, բայց դրանք չեն ձևակերպվում, վերջնական մեկ միասնական փաստաթղթում չեն երևում, սա բերում է նրան, որ մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է իրենցից ակնկալվում առաջինը, և երկրորդը` շատ հստակ մեսիջ են ստանում, որ նախկինում կատարածների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հետևաբար կարելի է շարունակել նույն վարքագիծը, այսինքն` ծառայել հանցավոր ռեժիմին: Սա այն է, ինչի մասին մենք 2 տարի բարձրաձայնում ենք»:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հետախուզվողների արտահանձնման վերաբերյալ գործընթացները շարունակվում են։

Դեռ մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի դատախազության միջնորդությունը՝ քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, մեղադրյալ, նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։ Սակայն Սարգսյանին արտահանձնելու գործընթացի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որ Պրահայում ձերբակալվել էր, Հայաստան էր արտահանձնվել անցած դեկտեմբերին։ Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Չեխիայի դեպքում արտահանձնման խնդիր չեղավ։ Այլ հարց է Ռուսաստանի դեպքում.- «Մի կողմից` իրավապահ մարմինները չեն արդյունավետ գործում, բայց մյուս կողմից էլ նույն արդյունավետության պարագայում հաջողում է Չեխիայի Հանրապետությունից վերադարձնել փախուստի մեջ գտնվող անձին, իսկ Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր չի լինում անձանց վերադարձնել և քննչական գործողություն իրականացնել»:

«Ալրաղացի Լյովիկից» բացի, Ռուսաստանի դաշնությունում եմ գտնվում նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, այս գործով ապացույցների կեղծման մեջ մեղադրվող, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Ռուսաստանն արդեն մերժել է հանձնել Միքայել Հարությունյանին, Վահագն Հարությունյանին և Միհրան Պողոսյանին։ Երեքի դեպքում տարբեր պատճառաբանություններ են բերվել։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի վերաբերյալ Ռուսաստանը գրել է, որ նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Միքայել Հարությունյանի դեպքում էլ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գրում է, որ Հայաստանի գեներալ-գնդապետը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, և հենց այդ պատճառով էլ ռուսաստանյան կողմը դեռ 2018-ին մերժել է նրան արտահանձնելու դիմումը: Մյուս մեղադրյալ Միհրան Պողոսյանի դեպքում էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը վկայակոչել է Մինսկի կոնվենցիան։ Ըստ այդմ, իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել հարցվող պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Ռուսաստանը, սակայն, չի պատճառաբանել, թե քրեական հետապնդման ենթարկվող Հայաստանի քաղաքացուն սեփական երկիր արտահանձնելը ինչպես կարող է վնաս պատճառել Ռուսաստանի ինքնիշխանությանը։

Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ապա դեռ ամիսներ առաջ նա դասավանդում էր Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում, և ըստ ընթացակարգի` նրա արտահանձնման գործընթացը պետք է քննարկի հենց այդ մարմինը։ Նրա արտահանձնման գործընթացի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Մինչ օրս Հայաստան չի վերադարձել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ոչինչ հայտնի չէ բնապահպանության նախկին նախարար, հանրապետական Արամ Հարությունյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի գտնվելու վայրի մասին։ ​Անհայտ է նաև նախկին դատավոր Սամվել Ուզունյանի գտնվելու վայրը։