Մատչելիության հղումներ

Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Այսօր Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն», - հայտնում են ՀՔԾ-ից:

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15-ական միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։

Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:

Գործարարը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել և այդ մասին նաև «Ազատության» հետ հարցազրույցում պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։

XS
SM
MD
LG