Մատչելիության հղումներ

ՌԴ դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին» Հայաստանին հանձնելու միջնորդությունը


Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Հայաստանի դատախազության 4 ամիս առաջ իրենց ուղարկած միջնորդությունն ու քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։

«Ազատության» հետ հարցազրույցում Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց՝ ռուսական իրավապահներին հանձնարարվել է իրականացնել Սարգսյանի արտահանձնումը։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Հետախուզվող Լևոն Սարգսյանը կարող է բողոքարկել իրեն արտահանձնելու մասին որոշումը, և եթե դատարանը բավարարի այն, Սարգսյանը չի արտահանձնվի։

«Որոշակի ժամկետ է նախատեսվում, որի ընթացքում մեղադրյալը կարող է բողոքարկել իր վերաբերյալ կայացված որոշումը և միայն այդ պրոցեսներից հետո, երբ որ օրինական ուժ կմտնի, նոր դրանից հետո արդեն հնարավոր կլինի ապահովելու: Միգուցե չի բողոքարկում, այսինքն՝ շատ ավելի արագ է դա տեղի ունենում: Բայց այս պահին մենք չենք կարող որևէ ժամկետի մասին խոսել, կրկնում եմ՝ ամեն ինչ կախված է այդ հետագա բողոքարկման հնարավորության կամ հնարավոր բողոքարկման հետագա պրոցեսների հետ», - նշեց գլխավոր դատախազի խորհրդականը:

Աբրահամյանն ասաց՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումն այսօր են ստացել և արդեն հանձնարարություն են տվել Հայաստանի ոստիկանությանը՝ կապի մեջ լինել ռուս իրավապահների հետ։

«Մենք մեր հերթին հանձնարարություն ենք տվել ոստիկանությանը, որպեսզի կապի մեջ լինեն Ռուսաստանի Դաշնության ոստիկանության հետ, և այդ օրինական ուժի մեջ մտնելուց հետո որոշման, ապահովեն նրա ընդունման գործընթացը», - ընդգծեց Գոռ Աբրահամյանը:

Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր Լևոն Սարգսյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից, նոյեմբերին նա հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա կալանավորվել։

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

XS
SM
MD
LG