Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով մոտ 4 հազար հիվանդ ծանր վիճակում է գտնվում, այսօր այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Նրա խոսքով` Ռուսաստանում 126 հազար մահճակալ է տեղակայվել կորոնավիրուսային վարակով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար:
ՌԴ-ն կորոնավիրուսով վարակման պաշտոնապես հաստատված դեպքերի թվով 5-րդ տեղն է գրավել աշխարհում: Վերջին 24 ժամում հաստատվել է ավելի քան 10.5 հազար նոր դեպք, այդ թվում` 5 հազար 800-ը` Մոսկվայում: Մեկ օրում մահացել է 86 մարդ: Սրանք Օպերատիվ շտաբի վերջին տվյալներն են: Մյուս կողմից` երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում է, մարտի վերջից ռուսաստանցիների մեծ մասը չի աշխատում, նրանց պաշտոնապես ուղարկել են վճարովի արձակուրդների, իսկ պետությունը չի հայտարարել արտակարգ դրություն, և ըստ այդմ աշխատավարձերը պետք է վճարեն գործատուները:
Տնտեսագետներն ահազանգում են, որ արդեն առաջիկայում ռուսաստանցիների մեծ մասը նույնիսկ սնունդ գնելու համար փող չի ունենա, իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, թե Ռուսաստանը չունի ռեզերվային տարադրամ մարդկանց բաժանելու համար.- «Եթե մենք ռեզերվային տարադրամ տպեինք, մենք ուղղաթիռներից բնակչությանը փող կբաժանեինք»,- «Վեդեմոստի»-ին տված հարցազրույցում ասել է նա:
Այսօր երկրի ղեկավարը պետք է որոշեր` սկսել կարանտինից դուրս գալու փուլային գործընթացը, թե ընդհակառակը` երկրում հայտարարված կարանտինը երկարաձգեր մինչև մայիսի վերջ: Ռուսաստանի արդեն 1.5 ամիս ինքնամեկուսացած նախագահն այսօր հերթական հեռավար խորհրդակցություն է անցկացրել, որին, ի դեպ, չի մասնակցել երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ անցած շաբաթ կորոնավիրուս էին հայտնաբերել:
Պուտինը նախ հայտարարեց, թե Միշուստինն ապաքինվում է և ակտիվ աշխատում է: Ինչ վերաբերում է կարանտինի հետ կապված սահմանափակումներին, Պուտինն այսօր հերթական անգամ հայտարարեց, թե մարզերի և մեծ քաղաքների ղեկավարներն այդ որոշումն ինքնուրույն պետք է կայացնեն:
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում սահմանափակիչ միջոցների վերացման ցանկացած հապճեպություն կարող է վնասակար լինել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների և տարածաշրջանների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ: Պուտինը նշել է նաև.- «Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մարզերում տարբեր կերպ է դասավորվում, կան շրջաններ, որտեղ գործող սահմանափակումները պետք է պահպանել և նույնիսկ խստացնել, իսկ կան շրջաններ, որտեղ կարանտինը կարելի է մեղմացնել, բայց մասնագետների հետ խորհրդակցելուց հետո միայն»:
Այսօր, ի դեպ, հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է նաև մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով իրեն նորմալ է զգում և հեռավար ռեժիմով շարունակում է աշխատել:
Մայրաքաղաք Մոսկվայի ղեկավար Սերգեյ Սոբյանինը երեկ հայտնել էր, թե պետք չէ, որ մոսկվացիներն ակնկալեն, թե մայիսի 11-ից հետո դուրս են գալու կարանտինից, իրավիճակը բարդ է, համաճարակի տարածման տեմպերը չեն նվազում, և հնարավոր է, որ նույնիսկ կարանտինը, հակառակը, էլ ավելի խստացվի:
Գործող կարանտինը մի շարք առանձնահատկություններ ունի, նախ երկրում չի հայտարարվել արտակարգ դրություն, այսինքն` պետությունն իր վրա չի վերցրել քաղաքացիների նկատմամբ պարտավորություններ, ինչպես արտակարգ դրության ժամանակ է լինում, ինչպես դա նախատեսված է Սահմանադրությամբ: Եվ երկրորդ հիմնական առաձնահատկությունը` երկրի նախագահը Ռուսաստանի մարզերի ղեկավարների լիազորություններն ընդլայնել է` նրանք կարանտինի ռեժիմի կանոններն ինքնուրույն որոշելու իրավունք ունեն: Օրինակ` Մոսկվայում պարտադիր չէ դիմակներ կրելը հասարակական վայրերում, իսկ Մոսկվայի մարզում պարտադիր է, ընդ որում Մոսկվայի մարզում` դեղատներում դիմակները դժվար է գտնել, իսկ Մոսկվայում դրանք վաճառվում են օրինակ` մետրոյի կայաններում: