Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ վաղը Պուտինը կհրապարակի կարանտինային ռեժիմից դուրս գալու ժամկետը


Վաղը՝ մայիսի 6-ին, Ռուսաստանի ինքնամեկուսած նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռավար խորհրդակցությունն է անցկացնելու, որի ժամանակ քննարկվելու են կարանտինային ռեժիմից դուրս գալու փուլերը։

Մինչդեռ կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանում վերջին օրերին նոր թափ է հավաքում։ Երկրի իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, թե համաճարակը մոտեցել է իր գագաթնակետին։

Կարանտինային ռեժիմը Ռուսաստանում հայտարարված է մինչև մայիսի 11-ը։ Հնարավոր է, որ վաղը Պուտինը հրապարակի դրանից դուրս գալու ժամկետն ու ճանապարհային քարտեզը։

Վերջին 24 ժամվա ընթացքում, օպերատիվ շտաբի հրապարակած տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսի 10 հազար 102 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 95 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 155 հազար 370, մահացել է 1451 մարդ։ Վարակի կենտրոնը այսօր էլ Մոսկվան է։

Ռուսաստանի շրջանների մեծ մասում գործում է քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմ, որի խախտումները պատժվում են տուգանքով։ Հասարակական հաստատությունները չեն աշխատում, փակ են դպրոցները, արգելված են զանգվածային միջոցառումները։ Փակ են նաև սրճարանները, թանգարանները։

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում տրանսպորտով տեղաշարժը վերահսկվում է հատուկ անցակետերով։

«Ռոսպոտրեբնադզորը» չի բացառում համաճարակի դեմ պայքարի միջոցառումների խստացումը՝ եթե քաղաքացիները չպահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։

Երկրի իշխանությունները, հիշեցնենք, արտակարգ դրություն չեն հայտարարել։ Մարդկանց ուղարկել են վճարովի արձակուրդի, սակայն մասնավոր հատվածում աշխատողների մեծ մասին գործատուները ստիպել են գնալ չվճարվող արձակուրդի։ Գործատուները պետությունից բավարար օգնություն չեն ստանում, որպեսզի կարողանան աշխատավարձ վճարել։

Տնտեսագետները համարում են, որ չնայած համաճարակի տարածման տեմպերը դեռ դանդաղում, իշխանությունները ստիպված են լինելու վերացնել կարանտինը։ Հակառակ դեպքում մարդիկ պարզապես փող չեն ունենա անգամ սնունդ գնելու համար։

Առավել տուժում է փոքր և միջին բիզնեսը, որը կազմում է Ռուսաստանի տնտեսության 20 տոկոսը։ Տնտեսագետներն ահազանգում են, որ հետհամաճարակային շրջանում դժվար կլինի վերականգնել տնտեսությունը, շատերը ստիպված կլինեն պարզապես փակել իրենց բիզնեսը։

«Յաբլոկո» կուսակցության հիմնադիր, տնտեսագետ Գրիգորի Յավլինսկին ասում է․ - «Այսօր առաջնայինը իշխանությունների համար պետք է լինեն մարդը և տնտեսությունը, մասնավոր հատվածը, փոքր ու միջին բիզնեսը։ Եթե ուզում եք, որ աշնանը տնտեսությունը սկսի դուրս գալ ճգնաժամից, հիմա այդ տնտեսությանը պետք է աջակցել, մարդկանց պետք է օգնել՝ պահանջարկը ապահովելու համար»։

Իշխանությունները, ըստ Յավլինսկու, պարտավոր են օգտագործել Ազգային բարեկեցության հիմնադրամը հենց սրա համար, սակայն իշխանությունն այլ ճանապարհով է գնում․ - «Ռուսաստանի իշխանություններն ուզում են շարունակել պատերազմել Ուկրաինայում, Սիրիայում․․․ Նավթի գների անկման պայմաններում հենց այս անիմաստ պատերազմների վրա են ուզում ծախսել այդ հիմնադրամի գումարները։ Եթե այս մոտեցումը չփոխվի, Ռուսաստանը կունենա շատ լուրջ խնդիրներ»։

Նրա պնդմամբ, Ռուսաստանի պես ավտորիտար երկրներում տնտեսությունն աշխատում է բնակչության 15 տոկոսը կազմող վերնախավի համար, իսկ մնացած 80 տոկոսը պարզապես աղքատ է, և պատկերը չի փոխվել նույնիսկ համաճարակի պայմաններում։

XS
SM
MD
LG