Տավուշի մարզում գործող երկու արտադրամասերում օրական առնվազն 300 հազար դիմակ է արտադրվում, ասում է մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Կլինեն երկու հոսքագծեր, մեկը` Բերդ քաղաքում, մյուսը` Արծվաբերդ գյուղում, և երկուսը միասին օրական կապահովեն շուրջ 300 հազար կամ առնվազն 300 հազար բժշկական դիմակներ, եռաշերտ դիմակներ, որոնք համապատասխանում են բոլոր ստանդարտներին։ Հումքն ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից` համապատասխան ձեռնարկություններից: Այս պահին մենք ունենք բավարար հումք, որ գործարանը կանգ չառնի: Արտադրամասերի գործարկման ներդրումային ծավալը շուրջ կես միլիոն ամերիկյան դոլար է, և այս աշխատանքների մեջ ներգրավված պիտի լինեն 150 աշխատողներ»,- հայտնեց նա։
Հայաստանում դիմակների արտադրություն սկսելու գաղափարը առաջացավ կորոնավիրուսի տարածման պատճառով: Արտակարգ դրության ընթացքում դեղատներում շատ հաճախ հնարավոր չէր դիմակ գտնել, եղածներն էլ սովորականից մի քանի անգամ թանկ էին վաճառվում.- «Հեռավար նայելով` մենք հասկանում էինք, որ իսկապես մեր ներքին ռեսուրսներն ու կարողությունները պետք է այս առումով զարգացնենք»։
Մարզպետ Հայկ Չոբանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին տեղական արտադրության դիմակների վաճառքի գինը 140 դրամ է.- «Դա բնականաբար պայմանավորված է ներկայիս հաշվարկներով. և՛ հաստոցները, և՛ հումքն այսօր ավելի բարձր արժեք ունի` կապված աշխարհում դրա պահանջարկի հետ: Ես ենթադրում եմ, որ ժամանակի ընթացքում հնարավորություն կունենանք նաև սեղմել այս արժեքը»։
Իսկ ահա կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրությունը դեռևս չի սկսվել։ Դեռ նախորդ ամսվա սկզբին կառավարությունը հայտարարեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին ավելի քան կես միլիոն դոլար կտրամադրվի՝ արտադրությունը կազմակերպելու համար։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը տեղեկացրեց՝ աշխատանքները դեռևս չեն սկսվել, քանի որ անհրաժեշտ հումքն ամբողջությամբ դեռ չի ներկրվել.- «Այս պահին աշխատանքներն ամբողջությամբ չեն սկսվել, քանի որ մեզ անհրաժեշտ նյութերի մի որոշ մասը` երկրորդ մասը, դեռ չի հասել Հայաստան: Սպասում ենք` այդ նյութերի խմբաքանակն էլ գա, որպեսզի կարողանանք սկսել արտադրությունը: Հիմա փորձարկում ենք այն նյութերի մասը, որը ստացել ենք»: