Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են երիտասարդ գիտնականները՝ ստեղծելով դիմավահաններ


Արմեն Մխոյանը զրուցում է «Ազատության» հետ, 9-ը ապրիլի, 2020թ,
Արմեն Մխոյանը զրուցում է «Ազատության» հետ, 9-ը ապրիլի, 2020թ,

Կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են նաև երիտասարդ գիտնականները: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատություններին աջակցելու նպատակով եռաչափ տպիչների միջոցով պատրաստում են այս օրերին մեծ պահանջարկ վայելող պաշտպանիչ դիմավահաններ:

Բնակարանն աշխատանքային տարածք է դարձրել Կոտայքի մարզի «Արմաթ» լաբորատորիաների համակարգող Արմեն Մխոյանը:

«Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք ժամանակավորապես մեր լաբորատորիայի անհրաժեշտ սարքավորումները տեղափոխել մեր բնակարաններ և այստեղ սկսեցինք արդեն համապատասխան արտադրանքներ ստանալ եռաչափ տպիչներով` բուժաշխատողների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մխոյանը:

«Սկսեցինք մեր հենց դպրոցից եռաչափ տպիչները խմբակների տեղափոխել տներ ու սկսեցինք արտադրել այս դիմավահանները պաշտպանիչ՝ բուժաշխատողների համար, ու ամեն տարածաշրջաններում հենց փորձեցինք մեր բուժաշխատողներին որպես մեր կողմից օգնություն նվիրել, որպեսզի իրենց պաշտպանությունը ավելի ապահով դարձնենք, և փորձեցինք համագործակցել հենց մարզպետարանների հետ, ու մարզպետարաններում ըստ անհրաժեշտության թվաքանակները փորձեցինք ճշտել, այսինքն՝ ինչքան անհրաժեշտություն կա բուժաշխատողների և բուժհաստությունների համար, և համապատասխան թվաքանակով սկսեցինք արդեն արտադրանք տալ», - պատմեց Արմենը:

Միջազգային չափանիշներին համապատասխան մեկ պաշտպանիչ դիմավահանի պատրաստման համար անհրաժեշտ է 1,5-2 ժամ: Այնուհետև պատրաստի դիմավահանն ամբողջությամբ ախտահանվում է: Երիտասարդներն աշխատում են օր ու գիշեր՝ ապահովելու որքան հնարավոր է շատ դիմակներ: Արդեն ավելի քան 1000 դիմավահան են պատրաստել:

«Ամենասկզբից, երբ տպիչը միացնում ենք, անհրաժեշտ է, որպեսզի ջերմաստիճանների կարգավորում կատարվի, որովհետև մեզ մոտ ունենք երկու ջերմաստիճանային կարգավորման գործընթաց, մեկը՝ հենց հալեցնող, այսինքն՝ գլխիկի հատվածը պետք է լինի, որով հենց նյութը հալվում է, և սկսում է տպելու գործընթացը, իսկ մյուսը՝ սեղանի, որը «բեդ» է կոչվում, այս սեղանի ջերմաստիճանը անհրաժեշտ է, որպեսզի ինքը առաջին շերտը տպելուց կարողանա հենց պահի իր վրա, և չպոկվի: Եվ ջերմաստիճանները կարգավորելուց հետո արդեն համապատասխան ֆայլը, որը նախատեսված է արդեն մոդելավորված համակարգչի միջոցով, ընտրում ենք, վերածում ենք իրեն համապատասխան եռաչափ տպիչի ֆորմատի, որը G-code է կոչվում, որով հենց կարողանում է ինքը ճանաչել այդ ֆայլը և սկսել տպելու ամբողջ գործընթացը», - մանրամասնեց երիտասարդ գիտնականը՝ շարունակելով. - «Այդ G-code ֆորմատը ինքը իրենից ներկայացնում է հենց համապատասխան առանցքների շարժումները, ջերմաստիճանի կարգավորումը՝ այսինքն, բոլոր այն կարգավորումների ամբողջականությունը, որը որ մեզ անհրաժեշտ է տպելու գործընթացի ժամանակ»:

«Եվ երբ որ սկսում ենք արդեն «Սկիզբ» տալ, ինքը առաջին շերտից սկսում է տպելը, այսինքն՝ մի շերտ տպում է, հետո առանցքը մի քայլով բարձրանում է վերև, քայլ-քայլ բարձրանալով սկսում է ամբողջ տպելու գործընթացը կատարել», - պատմեց Արմենը:

Պաշտպանիչ դիմակներ պատրաստելու համար անքուն գիշերներ են անցկացնում նաև ֆաբլաբի աշխատակիցները: Տավուշի մարզում գործող ֆաբլաբը տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը:

«Պաշտպանիչ դիմակները այդ եղած լուծումներից մեկն են, որոնք բուժաշխատողներին շատ դեպքերում չեն հերիքում, բայց շատ անհրաժեշտ են իրենց: Դիմակները մենք երկու տարբերակով ենք պատրաստում, մեկը՝ եռաչափ տպագրությամբ, մյուսը՝ լազերային կտրման եղանակով, որը ավելի արագ և մատչելի է ստացվում», - պատմեց Դիլիջանի ֆաբլաբի աշխատակից Բաբկեն Չուգասզյանը:

Մեկ շաբաթում պատրաստել են 200 պաշտպանիչ դիմակ, որոնք փոխանցել են Առողջապահության նախարարությանը: Բացի դիմավահաններից, աշխատում են նաև այլ անհրաժեշտ բժշկական պարագաների ստեղծման վրա:

Օրեր առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին կհատկացվի 550 հազար դոլար՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար: Ինստիտուտում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

XS
SM
MD
LG