Արա Խաչատրյանի փաստաբանները «պետական միջամտություն» են տեսնում կատարված խուզարկություններում

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր խուզարկություն է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, հետո էլ «Յուքոմ» ընկերությունում։ Խաչատրյանի փաստաբաններից Արթուր Պիվազյանի պնդմամբ՝ ԱԱԾ-ն ապօրինի է խուզարկել Խաչատրյանի մեքենան, բացի այդ, առանց դատարանի թույլտվության առգրավվել է նրա համակարգիչը։

«Խուզարկություն կատարվեց լրիվ այլ մեքենայում, ինչ դատարանն իր որոշման մեջ նշել էր, և առգրավումներն էլ կատարվեց ուրեմն համապատասխան: Պետք է նշեմ, որ առգրավված նյութերում համակարգիչ է նաև առգրավվել, նյութերից բացի»,- նշեց նա:

Խաչատրյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը պարզաբանեց, թե դատարանը թույլատրել է ոչ թե համակարգիչն առգրավել, այլ էլեկտրոնային թղթապանակները։ Փաստաբաններն այս գործողություններում պետության միջամտությունն են տեսնում.- «Որպես «Յուքոմ» ընկերության և Արա Խաչատրյանի պաշտպան` որոշակի խնդիր եմ տեսնում կորպորատիվ վեճի շրջանակներում պետության միջամտության լույսի ներքո, որովհետև ըստ էության տվյալ համակարգիչն այն համակարգիչն է, որի միջոցով Արա Խաչատրյանը փորձում է կարգավորել, նորմալացնել «Յուքոմ» ընկերության աշխատանքները, և այդ համակարգչի առգրավումը որպես համակարգիչ, այլ ոչ թե ինչ-որ ֆայլերի վերցնելը ըստ էության դժվարացնելու է նրա հետագա աշխատանքը»:

Խաչատրյանների փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանի խոսքով՝ դատարանը թույլ էր տվել ԱԱԾ-ին խուզարկել նաև Արա Խաչատրյանի աշխատասենյակը։ Սակայն դրա փոխարեն, ըստ փաստաբանի՝ ԱԱԾ ծառայողները «Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակն են խուզարկել.- «Արա Խաչատրյանին ես խնդրել եմ այս ապօրինի գործողությանը մասնակից չլինել և ընդհանրապես առնչություն չունենալ, մասնակից չդառնալ, ներկա չգտնվել որևէ ապօրինի գործողության»:

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր կատարված գործողությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ապրիլի 30-ին Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Յուքոմի» հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել է նորը, փաստաբանների բնութագրմամբ, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Նրան կալանավորման միջնորդություն էր ներկայացվել։ Այդուհանդերձ, երեկ դատարանը հետաձգեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, քանի որ Խաչատրյանի պաշտպանները միջնորդել էին ժամանակ տրամադրել` գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար։

Երեկ փաստաբան Երեմ Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ քրեական գործն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Վերջինս ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվել էր՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով, նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։

Օրերս ԱԱԾ-ն առանց անուններ նշելու հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:

Արդյո՞ք «Յուքոմի» տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանն ու մեքենան այդ գործի շրջանակում է խուզարկվել, այս հարցին փաստաբանները դեռ հրաժարվում են պատասխանել` չմանրամասնելով նաև, թե «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանը քրեական գործում որևէ կարգավիճակ ունի, թե ոչ։

Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով.- «Նպատակ կա առաջինը շարունակել «Յուքոմի» նկատմամբ սկիզբ առած գործընթացը՝ «Յուքոմի» բաժնետերերի պետականացման կամ այլ անձի փոխանցելու պրոցեսի մեջ և պետության մասնակցությունը կորպորատիվ վեճին, ինչը որևէ կերպ ընդունելի չէ: Մատնանշվել է քննիչներին, սա ընդհանուր կոնտեքստն է, բայց շատ հստակ, շատ սպեցիֆիկ մատնանշվել է քննիչներին, որ կա խախտում»:

«Յուքոմի» հիմնական սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել «Յուքոմը»։ Նա չէր նշել, թե մասնավորապես ովքեր են իր առջև նման պահանջ դրել։ Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Մի քանի օր առաջ Ազգային ժողովում անդրադառնալով վարչապետի խոսնակի հայտարարություններին` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ տարբեր նախաքննական մարմիններում նախադեպը չունեցող ծավալների քրեական գործեր են քննվում։

Գուրգեն Խաչատրյանի հայրը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, նա այժմ կալանավորված է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։