Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները

Երկուշաբթի օրվանից տեղաշարժման թերթիկներ լրացնելու անհրաժեշտություն չի լինելու։

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի փոխանցմամբ, թեև մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն, սակայն հանրային տրանսպորտը կշարունակի չաշխատել։ Չի գործելու նաև միջմարզային տրանսպորտը:

Հարցին, թե ինչպես են քաղաքացիները տեղաշարժվելու, եթե հանրային տրանսպորտ չի գործելու փոխնախարարը պատասխանեց․ - «Հանրային տրանսպորտը դա շատ բարձր ռիսկային ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը թույլ է տալիս շատ արագ կերպով տարածել համավարակը»։

Հանվում են նաև սահմանափակումները տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ, կշարունակեն փակ մնալ մոլերը։ Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ ու մեծածախ առևտրում, բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք:

Անհատական ծառայությունները, օրինակ՝ մաքրման ծառայությունների, վարսավիրանոցներ ի գործունեությունը ևս կթույլատրվի մայիսի 4-ից․ - «Սա կարելի է դիտարկել յուրահատուկ թեստի ձևով, որովհետև մենք գնում ենք սահմանափակումների թուլացմանը, բայց միևնույն ժամանակ բոլորս՝ թե՛ տնտեսվարողները, թե՛ քաղաքացիները պետք է ցուցաբերեն բարձր գիտակցություն և կարգապահություն։ Դրանից է կախված լինելու՝ մենք կշարունակե՞նք պահպանել մեղմ սահմանափակումների ռեժիմը, թե՞ վերադարձ ենք կատարելու ավելի խիստ սահմանափակումներին»։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորում է բոլոր քաղաքացիներին ավելի պատասխանատու վերաբերվել անվտանգության կանոններին, որպեսզի սահմանափակումների մեղմացումը վարակակիրների թվի կտրուկ աճի չհանգեցնի։ Հիմնական պահանջներ են՝ աշխատավայրում պահպանել 1-2 մետր հեռավորություն միմյանցից և հաճախորդներից, պարբերաբար ախտահանել և օդափոխել տարածքը, պահպանել հիգիենայի կանոնները, մասնավորպես հաճախակի լվացվել, ինչպես նաև կրել դիմակներ․ - «Աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, անպայման որպեսզի լքեն աշխատավայրը և դիմեն անպայման բժշկի։ Մյուս կարևոր միջոցառումների շարքում է գտնվում խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց հեռահար աշխատանքի կազմակերպումը հնարավորության դեպքում։ Սոցիալական դիստանցիայի պահպանման հետ կապված ասեմ, մեր տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումը կամ փոքրաթիվ քանակով կազմակերպեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը։ Կարևոր նաև ուղղություն է տարբեր կազմակերպություններում սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որպեսզի մարդիկ կուտակումներով նույն վայրում ընդմիջում անեն, և անպայման ախտահանումներ իրականացնել այդ վայրերում»։​

Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է նշանակի կորոնվիրուսի կանխարգելման կանոնների պահպանման համար պատասխանտուի անձի: Տնտեսվարողների նկատմամբ հիմնական վերահսկողությունը կիրականցնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Երբ որ մենք գնում ենք թուլացմանը, միևնույն ժամանակ ավելի ենք ուժեղացնում հսկողությունը։ Դրա համար առանձնացվել են կոնկրետ ոլորտներ, որոնք արդեն իսկ կթույլատրվեն, և դրանց վերաբերյալ հստակ ուղեցույցներով հստակ կանոններ են սահմանված», - փոխանցեց Վարոս Սիմոնյանը։

Առողջապահության փոխնախարարի խոսքով, դժվար է հաշվարկել, թե վարակակիրների թվի փոփոխության առումով ինչ հետևանքերի կբերի սահմանփակումների հանումը, բայց շտապում են ավելացնել, որ մշտադիտարկումը շարունակվում է և եթե հասկանան, որը հին սահմանափակումներին վերադառնալու կարիք կա միանգամից կգնան այդ ճանապարհով: ​