Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. Ավինյան


Փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ավինյանը նիստի ընթացքում ասել է. «Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ որոշումը ճշգրտելու և բացերը լրացնելու օր»:

Փոխվարչապետն նշել է, որ այնուամենայնիվ, Հայաստանի տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են:

«Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից: Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք», - նշել է Տիգրան Ավինյանը՝ շարունակելով, - «Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի»:

Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG