Կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման 12 ծրագրերին դիմող մարդիկ բարձրաձայնում են առաջացած խնդիրների մասին:
Աստղիկը, որը միայնակ մայր է և խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, փորձել է օգտվել աջակցության 9-րդ ծրագրից, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխա ունեցող, սակայն գրանցված աշխատանք չունեցող անձանց համար:
«Նշված էր, որ եթե միայնակ մայրը գրանցված աշխատող չէ, կամ չեք եղել այս ընթացքում գրանցված աշխատող և ունեք մինչև 18 տարեկան երեխա, ապա կարող եք մասնակցել 9-րդ ծրագրին այս սոցիալական աջակցության: Բայց փաստացի մուտքագրելուց տվյալները հետո երեխան չի գտնվում, և ոչ մի բան չի ասում` մասնակցելու եմ, թե չեմ մասնակցում, տալիս է, որ նշված տվյալներով արդյունք չի գտնվել»,- ներկայացրեց նա:
Ե՛վ Աստղիկը, և՛ «Ազատության» հետ զրուցած մի շարք անձինք նշում են, որ Աշխատանքի ու սոցհարցերի նախարարության թեժ գծին միանալն այս օրերին չափազանց բարդ է.- «Փորձել եմ, փորձել եմ զանգահարել, անընդհատ զբաղված է, թեժ գիծն անընդհատ զբաղված է, կայքում ուրիշ համար էլ կա, այդ համարով էլ եմ փորձել, ինքն ընդհանրապես չի էլ միանում»:
Աշխատանքի ու սոցհարցերի նախարարության կայքի հենց առաջին էջում դրված է նորաստեղծ մի կայքի հղում, որտեղ կարելի է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին, սեղմելով online.ssa.am հղումը` այն այդպես էլ չբացվեց։ Նույն կայքը, այնուամենայնիվ, ստացվեց մուտք գործել, երբ փորձեցինք օգտվել կառավարության կայքում՝ gov.am-ում տեղադրված հղումից, որն ուղղորդեց արդեն dimum.ssa.am կայք:
Էլեկտրաէներգիայի ու գազի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրից հետո ամենամեծ թվով շահառուներն ունի աջակցության 8-րդ ծրագիրը, ինչպես հայտնել են կառավարության նիստերին։ Այս ծրագրից օգտվում են հանրային սննդի, առևտրի մանրածախ կետերի, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի աշխատողներ.- «Այսպես էր ձևակերպված` 2019-ի վերջին եռամսյակի շրջանառության 10 տոկոսը, որը չէր կարող նվազ լինել 68 հազար դրամից և ավելի 136 հազար դրամից, բայց մեր աշխատանքն առաձնահատկություն ունի, տուրիստական սեզոնը սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում է հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին»,- նշում է զբոսավար Կառա Չոբանյանը:
Տարվա մի կեսին աշխատող, մյուս 6 ամիսներին այդ ամիսների եկամտով ապրող զբոսավարներն ասում են՝ վերջին եռամսյակում գումար գրեթե չեն վաստակում, իսկ Պետեկամուտների կոմիտեն հաշվարկն անում է վերջին՝ 4-րդ եռամսյակի շրջանառության հիմքով.- «Երրորդ եռամսյակում մեզնից շատերը չեն աշխատել ուղղակի, 6, առավելագույնը 7 ամիս աշխատում ենք, և տարվա կեսը` 5-6 ամիս, արդեն սպառում ենք նախորդ 6 ամսում աշխատածը»:
Զբոսավար Կառա Չոբանյանն ասում է` այնուամենայնիվ, զբոսավարների խմբում քննարկել ու իրենք իրենց մխիթարել են, թե կառավարության որոշման մեջ նշված է, որ կստանան «ոչ պակաս, քան 68 հազար դրամ», ավելի ուշ սակայն պարզվել է, որ այդպես չէ.- «Նվազագույն շեմը հանվեց, ստացվեց, որ եռամսյակի շրջանառության 10 տոկոսը, այսինքն` եթե ինչ-որ մեկն ունեցել է մեկ տուր` ասենք թե մի 100-120 հազար դրամ գումար էր վաստակել, 10 տոկոսը պիտի ստանա 10-12 հազար դրամ ընդամենը, նվազագույն 68 հազար շեմը հանվեց»:
Առաջացել են նաև տեխնիական խնդիրներ. դիմողներից ոմանք դրանք ի վերջո հաղթահարել են, մյուսները՝ ոչ։ Այդուհանդերձ, այս ոլորտում աշխատող հարյուրավոր մարդկանց հիմնական խնդիրը ստացվող գումարի չափն է։ Կառա Չոբանյանի կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտի աշխատողները հավանաբար աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտառոց այս իրավիճակից ամենատուժած մարդիկ են.- «Ասենք 700 հազար դրամ աշխատած զբոսավարը ստացել էր 23 հազար դրամ գումար: Ոչ մի կերպ չենք հասկանում հաշվարկը, թեժ գիծ չեն միանում, մի կերպ միացել էին, ասում են` սխալը ՊԵԿ-ից է եկել, ՊԵԿ-ը Սոցապնախարարության վրա է գցում, Սոցապնախարարությունը` ՊԵԿ-ի վրա, և ոչինչ չենք հասկանում, բայց ստացողներն էլ հատուկենտ զբոսավարներն են»: