Սոցիալական աջակցության միջոցառումների մասին այսօր «Ազատություն»-ը «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». – Օգտատերերից մեկը ասում է՝ դեկտեմբերից գիշերօթիկի աշխատակիցների մեծ մասը «Ձեր իսկ թեթև ձեռքով գործազուրկ է դարձել, այս դժվարին օրերին ինչո՞ւ չեք մտածում նաև իրենց մասին, որևէ կերպ կարո՞ղ են օգտվել, թե՞ ոչ»:
Բաթոյան. – Գիշերօթիկի աշխատակիցները նույն աշխատանքը չեն կատարում, որովհետև երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագիրն ենք իրականացրել, և երեխաները այսօր ապրում են ընտանիքում: Բոլոր աշխատակիցները կամ աշխատանքից ազատված մարդիկ, հղի կանայք, նրանց ընտանիքի անդամները, երեխաները, այսինքն բոլոր այդ մարդիկ մեր ծրագրերի պոտենցիալ շահառուներն են, եթե համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Այսինքն, եթե այս քաղաքացիները, որոնց մասին նշվեց, ծրագրերից որևէ մեկի շահառու են, ապա կարող են օգտվել: Այս պահին միանշանակ կարող եմ ասել, որ առնվազն երկու ծրագրերով՝ կոմունալների փոխհատուցման ծրագրերով՝ 11-րդ և 12-րդ ծրագրով վստահաբար կարող են լինել շահառու:
«Ազատություն». – Մարդկանցից ոմանք դժգոհ են, ասում են՝ իրենց անունները չկան ծրագրերում, ընդհանուր առմամբ համակարգի հետ կապված խնդիր կա՞:
Բաթոյան. – Այս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է: 4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ՝ վաղը կամ մյուս օրը, մարդիկ կարող են նորից փորձել:
«Ազատություն». – Գործազուրկ միայնակ մայրերը, որոնք ունեն մեկ կամ երկու անչափահաս երեխա, որևէ ծրագրի շահառու կարո՞ղ են դառնալ:
Բաթոյան. – Այո, 9-րդ ծրագրի շահառու կարող են դառնալ:
«Ազատություն». – Օգտատերերից մեկը հարցնում է՝ արդյոք աշխատանք փնտրողների համար մշակվո՞ւմ է աջակցության ծրագիր:
Բաթոյան. – Եթե աշխատանք փնտրող անձն այս ծրագրերից որևէ մեկի շահառու է, օրինակ՝ ունի երեխա կամ հղի է և այլն, այսինքն՝ այս տարբեր ծրագրերից, այո, կարող է օգտվել, եթե համապատասխանում է սրանցից որևէ մեկին:
«Ազատություն». - Նարինե Բաբայան. - «Ինչի՞ երկրորդ կարգի հաշմանդամներին ամենամսյա օգնություն չեք տալիս, անհնար է 40 հազար դրամով ապրի մարդը, այլ ոչ թե Ձեզ պես՝ 1000-ից 31 հազար դոլար է ստանում պետությունից»: Ձեր 31 հազար դոլարի պատմությունը մանրամասնեք խնդրում եմ, տիկին Բաթոյան, էս ի՞նչ գումար է:
Բաթոյան. - Ես աշխատավարձը ստանում եմ դրամով, էն պարգևավճարների մասին, որոնց մասին արդեն մեկ տարի է խոսում են, դրա մասին է: Պարգևավճարների տրամադրումը ես ինքս չեմ որոշել ինձ համար՝ դա, գիտեք, վարչապետի որոշումն է, և պարգևավճարը ձև է աշխատավարձը բարձրացնելու էս պահին՝ դա ոչ թե պարգևավճար է, այլ պարգևավճարի ֆոնդով աշխատավարձի փոխհատուցում է:
«Ազատություն». - Բայց 31 հազար դոլա՞ր, ճիշտ է՞ այս թիվը:
Բաթոյան. - Դրամով պիտի ասեմ, և հայտարարագիրս շուտով կլրացնեմ, կհրապարակեմ, և դա արդեն պարզ կլինի, հիմա չեմ կարող ուղղակի թվերը անգիր ասել: Դա բաց տեղեկատվություն է:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.