Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 42-ով՝ հասնելով 1201-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 402-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 10 հազար 793 է:
Մահվան նոր դեպքը, Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-րդ-3-րդ աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 780 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 19-ի: