«Վրաստանը կարող է երկրորդ Իտալիա դառնալ», - ահազանգում են թբիլիսցի համաճարակաբանները` պնդելով, թե Սուրբ Հարության տոնը սովորականի պես անցկացնելու Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը հազարավոր կյանքեր կարող է խլել` հանգեցնելով կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի տարածմանը:
«Այսօր Վրաստանի ողջ տարածքը իրենից ռիսկային գոտի է ներկայացնում: Մինչ օրս մենք կարողացել էինք առավելագույնն անել` կանխելով կորոնավիրուսի տարածումը երկրում: Եթե ցանկանում եք ողջ մնալ, մնացե՛ք տանը: Եթե ցանկանում եք, որ մեզ ազգը վերապրի այս ամենը, մնացե՛ք տանը: Եթե ցանկանում եք, որ եկեղեցին փրկվի, պարզապես մի՛ գնացեք եկեղեցի: Հակառակ պարագայում Վրաստանը սարսափելի մի իրավիճակում կհայտնվի, և մենք դագաղները հաշվել ուղղակի չենք հասցնի: Պարզ ասած` Վրաստանում երեք շաբաթից կարող է տեղի ունենալ նույնը, ինչ տեղի ունեցավ Իտալիայում», - չորեքշաբթի երեկոյան Վրաստանի հեռուստատեսության Առաջին ալիքի եթերում հայտարարում էր երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գլխավոր համակարգողներից մեկը` Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Վաշինգտոնի օգնությամբ ստեղծված Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի՝ այսպես կոչված «Լուգարի լաբորատորիայի» ղեկավար Պաատա Իմնաձեն:
Մինչ օրս իր զուսպ կեցվածքով աչքի ընկնող Իմնաձեի այս հայտարարությունը հնչեց Վրաց ուղղափառ եկեղեցու հանրային կապերի պատասխանատու Անդրիա Ջաղմաիձեի Թբիլիսիում հրավիրված ասուլիսից հաշվված րոպեներ անց: Այդ ասուլիսի ընթացքում վրաց հոգևորականը մեկ անգամ ևս կրկնեց, թե եկեղեցին որևէ պարագայում չի համաձայնի զատկական ժամերգություններն անցկացնել առանց հավատացյալների: Դրա հետ մեկտեղ, հոգևորականը նշում էր, թե Վրաց ուղղափառ եկեղեցին կառավարության հետ լարված բանակցությունների ընթացքում համաձայնել է որոշակի զիջումների գնալ` մասնավորաբար սոցիալական տարածության և պարետային ժամի պահպանման հարցերում:
«Մենք որոշեցինք, որ հավատացյալները տաճարներ և եկեղեցիներ կգան մինչև պարետային ժամի մեկնարկը` երեկոյան ժամը 9-ը, և կլքեն դրանք առավոտյան ժամը 6-ին: Մեծ եկեղեցիներում մենք կանենք ամեն ինչ, որպեսզի սոցիալական տարածությունը հավատացյալների միջև պահպանվի: Փոքր եկեղեցիներում հավատացյալները կհավաքվեն բակերում», - հայտարարում էր Ջաղմաիձեն` կարծես անտեսելով այն հանգամանքը, որ վերջին 48 ժամերին կորոնավիրուսի հաստատված դեպքերը Վրաստանի տարածքում աճել են 60-ով, իսկ երկրի առողջապահության նախարարությունը չի բացառել, որ ընդամենը մի քանի շաբաթից` մայիսի 9-ին կարող է հասնել 2 հազարի` ներկայիս 336-ի փոխարեն:
Վրաց ուղղափառ եկեղեցու այս մոտեցումը, սակայն, ուղղակիորեն ոտնահարում է երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմի պահանջները, որոնց համաձայն՝ հանրային վայրերում երեք հոգուց ավելի հավաքվել չի կարելի:
Չնայած դրան, երեկ ակնհայտ դարձավ, որ Գիորգի Գախարիայի կառավարությունը Վրաց ուղղափառ եկեղեցու վրա ազդեցության որևէ իրական լծակներից զուրկ է: Տեղացի փորձագետների գնահատմամբ՝ իշխող «Վրացական երազանք»-ը ակնհայտորեն չի ցանկանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ սրել հարաբերությունները հանրության զգալի մասի մոտ անառարկելի հեղինակություն վայելող եկեղեցու հետ: Դա է պատճառը, որ երեկվանից կառավարության ներկայացուցիչները փորձում են եկեղեցուց կորզած աննշան զիջումները որպես լիարժեք փոխզիջում ներկայացնել:
«Համատեղ որոշում, որ հնարավորություն կտա, մի կողմից, պահպանել առողջապահության նախարարության պահանջները, մյուս կողմից` չփակել եկեղեցիների դռները հավատացյալների առջև», - հայտարարում էր Վրաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իրակլի Չիքովանին` պնդելով, թե հավատացյալների կողմից այս պահանջների կատարմանը Սուրբ Զատկի գիշերը հետևելու են պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Այն, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կորոնավիրուսի տարածումը կանխելը գրեթե անհնարին է, Վրաց ուղղափառ եկեղեցու ներսում ևս հասկանում են: Դա է թերևս պատճառը, որ Բաթումիի և Լազեթիի թեմը հայտարարել է, թե առաջիկա օրերին բոլոր ժամերգություններն անցկացնելու է փակ դռների հետևում, իսկ Վրաց ուղղափառ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Սաբան կոչ է արել բոլոր հավատացյալներին մնալ տանը:
Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիում նշում են, որ Ավագ շաբաթը Վրաց ուղղափառ եկեղեցու համար կարևոր է ոչ միայն զուտ կրոնական, այլև տնտեսական տեսանկյունից: Սա այն ժամանակահատվածն է, երբ Վրաստանի եկեղեցիներում ամենից շատ մոմերն են վաճառվում: Այդ վաճառքից ստացված շահույթը պետության կողմից չի հարկվում` ամբողջությամբ փոխանցվելով եկեղեցական գանձարան: