Մատչելիության հղումներ

Վրաստանում համապետական կարանտինի առաջին օրն է


Վրաստանն այսօրվանից համապետական կարանտինի պայմաններում է: Նախորդ շաբաթ հաստատված առանց այդ էլ խիստ սահմանափակումները էլ ավելի խստացվեցին այն բանից հետո, երբ կորոնավիրուսի դեպքերի թիվը Վրաստանում սկսեց աճել:

Երեկ այն հատեց 100-ի սահմանագիծը, այսօր առավոտյան արդեն վարակակիրների թիվը ավելացավ ևս ութով:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ համաճարակի տարածումը երկրում չի հաջողվում արդյունավետորեն կանխել նախևառաջ բնակչության մի զգալի մասի անպատասխանատու պահվածքի պատճառով:

«Վարակակիրների թվի աճի դինամիկան մտահոգիչ է: Հիմնական օջախներից մեկը Մարնեուլիում և Բոլնիսում էր, որտեղ մենք կարանտին հայտարարեցինք` տեղայնացնելով վտանգը: Դրան զուգահեռ, սակայն, առկա է կորոնավիրուսի ևս երեք հաստատված դեպք, երբ մեզ չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը: Դրան գումարած բուժաշխատողի` կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել: Քաղաքացիների վերաբերմունքը այս ամենին պարզապես անընդունելի է: Մարդկանցից շատերը չեն հասկանում, թե ինչ ռիսկի են ենթարկում իրենց, երբ շարունակում են անել այն ամենն, ինչ անում էին նախկինում, երբ ապրում են սովորական կյանքով: Կարծում եմ, որ բնակչության մի մասը պարզապես չի ըմբռնում խնդրի լրջությունը», - երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Գախարիան:

Այսօրվանից Վրաստանի տարածքում ուժի մեջ մտած սահմանափակումների ցանկը բավական տպավորիչ է: Վրաստանի ողջ տարածքում դադարեցվում է հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը: Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը երկրի տարածքում պարետային ժամ է սահմանվում, արգելվում է տնից դուրս գալ, օգտվել անձնական ավտոտրանսպորտից: Պարետային ժամից դուրս անձնական մեքենաները կարելի է օգտագործել, սակայն դրանց ուղևորների թիվը չպետք է գերազանցի երեքը: Որևէ փակ տարածքում, բացառությամբ դեղատների և պարենային խանութների, ևս չպետք է երեք հոգուց ավելի մարդ հավաքվի: Բացի այդ, Վրաստանի կառավարության որոշմամբ 70-ն անց անձանց թույլատրվում է տնից դուրս գալ կարճ ժամանակով` բացառապես խանութ և դեղատուն գնալու նպատակով:

Այս գործողությունները կյանքի կոչելու համար Վրաստանի իշխանությունները մոբիլիզացրել են երկրի բոլոր ուժային կառույցները` անգամ համատեղ ոստիկանա-զինվորական ստորաբաժանումներ ստեղծելով:

«Վրաստանի տարածքում, կառավարության կողմից սահմանված կոշտ սահմանափակումները կյանքի կոչելու նպատակով Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների սպայակազմը անցակետեր է ստեղծել Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Փոթի և Գորի քաղաքների մուտքերի մոտ` քաղաքացիների անցուդարձը վերահսկելու նպատակով», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում անցած գիշեր ասել է Վրաստանի պարեկային ոստիկանության ղեկավար Վաժա Սիրաձեն:

Այս օրերին վրացական կառավարության ևս մեկ գլխացավանքը կալանավայրերում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխումն է: Այդ նպատակով երկրի Արդարադատության նախարարությունը դիմել է աննախադեպ մի քայլի` փաստորեն իր աշխատակիցների մի մասին դատապարտյալների հետ միասին փակելով քրեակատարողական հիմնարկների տարածքում:

«Մենք ընտրել ենք քրեակատարողական ծառայության 780 աշխատակիցների, որոնք ծառայություն են իրականացնում կալանավայրերի տարածքում և առաջիկա մի քանի շաբաթներին կմնան աշխատավայրում ու տուն չեն վերադառնա: Դա կարվի, որպեսզի որևէ մեկի մոտ մտավախություն չծագի, թե հսկիչներից կամ տեսուչներից որևէ մեկը կարող է բանտի տարածք կորոնավիրուս ներմուծել», - նշել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

XS
SM
MD
LG