Մատչելիության հղումներ

Չնայած կարանտինին՝ առաջիկա կրոնական տոներին Վրաց ուղղափառ եկեղեցին մտադիր չէ փակել դռները


Վրաստան - Հավատացյալներ Թբիլիսիի եկեղեցիներից մեկում, 29-ը մարտի, 2020.
Վրաստան - Հավատացյալներ Թբիլիսիի եկեղեցիներից մեկում, 29-ը մարտի, 2020.

Վրաց ուղղափառ եկեղեցին և աշխարհիկ իշխանությունը հակադիր դիրքորոշումներ ունեն կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում՝ կապված կրոնական զանգվածային արարողությունների հետ:

Մեծ հեղինակություն վայելող Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը հայտարարել է, թե «հնարավոր չէ փակել եկեղեցու դռները, և դրանք բաց կլինեն բոլորի համար, ովքեր կցանկանան եկեղեցի մտնել»:

Միաժամանակ, Պատրիարքը հոգևորականներին և հավատացյալներին խորհուրդ է տվել սոցիալական հեռավորություն պահպանել: Նրա հատուկ ուղերձում նաև նշված է, որ մեծ եկեղեցիներում թույլատրվում է ներս թողնել հավատացյալների փոքր խմբերի, փոքր եկեղեցիներում հավատացյալները կրոնական արարողությանը կարող են հետևել դրսում՝ որոշակի հեռավորություն պահպանելով: Ավելի փոքր վանքերում թույլատրվում է կրոնական արարողությունը դրսում կատարել՝ եկեղեցու բակում կառուցված հարթակի վրա:

Բայց հիմնական ուղերձը՝ ասված է, որ եկեղեցու դռներն անհնար է փակել, յուրաքանչյուր ոք կարող է ներս մտնել:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հավատացյալներին կոչ է արել աղոթել տանը, մտածել շրջակայքի մարդկանց առողջության մասին, կրոնական արարողությունները տանն անցկացնել մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը:

«Երբ հնարավոր է կրոնական ծիսակարգն անցկացնել տանը, եկեք տանն անենք: Դա է հիմնական խորհուրդը: Դա մեր պատասխանատվությունն է՝ հոգ տանել յուրաքանչուրի կյանքի և առողջության մասին», - ասել է Գախարիան «Իմեդի» հեռուստաընկերության հարցազրույցում:

Վրաստանում համապետական կարանտին է, արտակարգ դրություն է հայտարարված, երեքից ավելի մարդկանց կուտակումներն արգելված են, բայց չնայած այս ամենին՝ Վրաց ուղղափառ եկեղեցին չի հրաժարվում բազմամարդ ժամերգություններ, կրոնական արարողություններ անցկացնելուց:

Գիորգի Գախարիան ասել է, որ այդ հարցով կառավարության և Պատրիարքարանի միջև շփումներ կան, և համոզմունք է հայտնել, որ եկեղեցու հետ կհաջողվի փոխզիջման հասնել:

«Իհարկե Պատրիարքանի հետ շփումներ կան, իհարկե մենք շատ լավ ենք հասկանում եկեղեցու դերը, և ես համոզված եմ՝ եկեղեցին հասկանում է պետության դերը և ուղղակի պատասխանատվությունը մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար: Սա այն պոստուլատն է, որի հիման վրա մենք պետք է հասնենք որոշակի փոխզիջումների», - նշել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորություն պահպանելու Պատրիարքարանի խորհուրդը վկայում է եկեղեցու մոտեցումների զարգացման քայլերի մասին:

Վրաստանում արտակարգ դրության ժամկետները համընկնում են Ուղղափառ եկեղեցու ամենակարևոր տոների հետ: Ապրիլի 7-ին նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ապրիլի 12-ին՝ Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը, նշվելու է Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնական օրը, իսկ ապրիլի 19-ին՝ Սուրբ Հարությունը՝ Զատիկը: Կրոնական այս տոնացույցը Վրաց ուղղափառ եկեղեցունն է: Այս տոներին Վրաստանի վանքերն ու եկեղեցիները մարդաշատ են լինում, տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում տոնակատարություններին:

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ համընդհանուր կարանտինը հնարավոր է չեղարկվի մինչև Զատիկը, միաժամանակ ընդգծելով որ դա անելը հեշտ չի լինի:

XS
SM
MD
LG