Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան ասել է, թե կպաշտպանեն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու առաջարկը, եթե իշխող թիմը հակաճգնաժամային պլան ներկայացնի, իսկ սահմանափակումները տարածվեն բոլորի վրա:
Բոկերիան նշել է, որ իշխանությունները պետք է կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչպես են օգնելու աշխատանքը կորցրած մարդկանց ընտանիքներին:
«Արտակարգ դրության հետևանքները շատ ծանր են ու վատը, կարելի է ասել՝ արտակարգ դրությունը վերածվել է ֆարսի»,- ասել է Գիգա Բոկերիան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության ճեպազրույցում հավաստիացրել է, որ աշխատանքը կորցրած մարդկանց աջակցությունը նվազագույն զամբյուղից պակաս չի լինի:
Սակայն երեկ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 150 լարի է հատկացվելու, ինչը նվազագույն զամբյուղից քիչ է, նշում է «Գրուզիա» օնլայն կայքը:
Վրաստանում մարտի 21-ին հայտարարված մեկամսյա արտակարգ դրության ժամկետը ավարտվում է ապրիլի 21-ին, ակնկալվում է, որ իշխանություններն այն երկարաձգելու առաջարկ կանեն: Իսկ մարտի 31-ից համընդհանուր կարանտին է հայտարարվել ու պարետային ժամ մտցվել՝ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը չի թույլատրվում տնից դուրս գալ: