«Այս օրենքով կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված ունեցվածքը վերադարձվելու է պետական բյուջե». Լիլիթ Մակունց

«Այս օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն մարդկանց, ովքեր շատ հաճախ իրենց ունեցվածքը թաքցրել են ուրիշի անվան տակ, օրինակ` զոքանչի, քենու, աներոջ և այլն»,- ասում է Լիլիթ Մակունցը:

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն այսօր խորհրդարանում քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց՝ այս օրենքի հասցեատերերը բարեխիղճ, օրինական ճանապարհով հարստացած քաղաքացիները չեն։ Այս օրենքի քաղաքական ուղերձն է վաղ թե ուշ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը վերադարձնել պետական բյուջե, հայտարարեց իշխող խմբակցության ղեկավարը։

«Սա գործիք է, որով ժամանակին ապօրինի շատ դեպքերում կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված և հմտորեն հետքերը թաքցրած պաշտոնական դիրքի չարաշահմամբ հարստացած մարդկանց կողմից ձեռքբերվածը վերադարձվելու է պետական բյուջե դատարանի որոշմամբ»,- ասաց նա:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծով ներդրվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Այս օրենքի հասցեատերերը նախկին ու ներկա պաշտոնյաներն են։ Օրենքը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռք բերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունը, և օրինակ, ապօրինի ծագման վերաբերյալ օպերատիվ հետախուզական տվյալը։

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օպերատիվ հետախուզական տվյալի ազդակը միայն պաշտոնատար անձանց է վերաբերում, իսկ քրեական գործով անցնելու ազդակը լայն է, ոչ միայն պաշտոնյաներին է վերաբերում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քննությամբ կզբաղվի գլխավոր դատախազության կազմում գործող իրավասու մարմինը։ Ազդակները ստանալուն պես իրավասու մարմինը առավելագույնը 3 տարվա ընթացքում կնախապատրաստի հայց և կներկայացնի դատարան։

Ըստ նախագծի՝ իրավասու մարմինն է որոշում ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը.- «Ուսումնասիրվող ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը տասը տարի նախորդող, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով»,- նշեց նախարարը:

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի սկզբին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում հաշվի առնեն իրենց շուրջ երեք տասնյակ առաջարկները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել՝ դարձյալ առաջարկություններ ներկայացնելով։ Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները հաշվի են առել, բայց ոչ ամբողջությամբ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց լրամշակված նախագիծը, թվարկեց փոփոխությունները՝ շեշտելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի նվազագույն շեմը 25 միլիոնից դարձել է 50 միլիոն դրամ, ինչը ընդդիմադիրների առաջարկն էր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մտահոգությունները չեն փարատվել.- «Մինչև 93 թվականի նոյեմբերը գործել է ռուբլի, այստեղ պրոբլեմ է. մենք չենք կարող, շատ բարդ է լինելու դրա գնահատումը: Սա մեկ:

Սեփականության ինստիտուտի գրանցման ինստիտուտը ձևավորվել է 98-ին և գործել է 99 թվականի հունվարի 1-ից, այսինքն` մինչև 99 թվականի հունվարի 1-ը եղել են ինվենտ բյուրոներ, չի եղել սեփականության ինստիտուտի գրանցման, իսկ ինվենտ բյուրոն որևէ իրավական բան չի եղել, և նոտարները գործարքներն անում էին` ուղղակի նույնիսկ թիվ էլ չգրելով, գրելով ինչ-որ շուկայական արժեքով: Մենք ո՞նց ենք անում, եթե ասենք թե ամբողջ մասնավորեցման գործընթացի ժամանակ կառավարության որոշմամբ գներ են սահմանվել, որոնք եղել են այդ պահին, դուք չեք հավատա, որ շատ ցածր գներ, որ հիմա երբ ասում ենք, ասում է` դե ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այսինքն` սա ո՞նց է լինելու, սա դրվելո՞ւ է դրա հիմքում, թե՞ ընդամենը եկամուտներն են լինելու, իսկ դուք հաշվի առեք, որ այն ժամանակվա քաղաքականության հիմնական արգասիքը նա էր, խնդրում եմ ուշադրություն, որ մարդիկ, ովքեր ունեին 5-10 հազար դոլարանոց բնակարաններ, միանգամից 2 տարվա ընթացքում գինը աճեց, 80-100 հազար դոլար դարձավ: Այդ ազդեցության գնահատականն ունե՞ք, թե՞ չունեք»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին էլ չեն գոհացրել նախագծի փոփոխությունները։ Իրենց առաջարկների մի մասն է ընդունվել.- «Մյուս կարևոր հարցադրումը, որ չի հաջողվել լուծել, դա այն էր, որ նախկինում կատարված գործարքների մասով պետք է որոշակի ժամկետ սահմանվեր, որի ընթացքում կարող է այդ բռնագանձման գործընթացները իրականացվել, որպեսզի դա անվերջ ժամանակահատված չտևեր: Այստեղ չեն կարողացել համաձայնության գալ»:

Ըստ նախագծի՝ գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Նախագծի քննարկումն այսօր ավարտվեց։ Այն քվեարկության կդրվի վաղը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը դեռ հայտնի չէ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում հակված են կողմ քվեարկել, քանի որ իրենց առաջարկները ընդունվել են, փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը։