Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի, գրանցվել է մահվան 14-րդ դեպքը

Մեկ օրվա ընթացքում Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի։ Հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, այսօր կառավարության արտահերթ նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ցավոք սրտի, ունեցել ենք ևս մեկ մահ, և մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14: Այս պահին փաստացի ակտիվ, մեր հսկողության տակ գտնվող դեպքերի թիվը 814 է: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել, այսինքն` այն նպատակադրումը, որ մենք ունեինք` մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է, օրինակ` շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը` 467 թեստ»,- հայտնեց նախարարը:

67-ամյա մահացած կինը բուժվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակը։ Ըստ Ալինա Նիկողոսյանի՝ կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, ինչպես նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Հայաստանը օրական 1000 թեստ անցկացնելու հնարավորություն ունի

Թորոսյանը ներկայացրեց նոր կորոնավիրուսային հիվանդության վերջին տվյալները։ Բացասական արդյունքով թեստերը շուրջ 6 հազարն են.- «Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 26 նոր դեպք, գումարային դեպքերի թիվը այդպիսով դառնում է 1039: Ունեցել ենք 14 բուժված և դուրս գրում, ընդհանուր բուժվածների թիվը հետևաբար դառնում է 211»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ Հայաստանը գործնականում հնարավորություն ունի օրական 1000 թեստ անցկացնել.- «Պարզապես մենք պետք է ցուցում ունենանք, որ թեստ անենք, որովհետև ուղղակի իմաստ չունի, կներեք, փողոցից մարդուն հրավիրել, ասել` եկեք, ձեզ թեստ անենք»:

Առողջապահության նախարարն էլ լրացրեց վարչապետին՝ շեշտելով՝ այժմ Հայաստանում կորոնավիրուսի հետազոտություն իրականացնում է 6 լաբորատորիա, առաջիկայում ևս մեկը կներառվի.- «Կարծես թե թափ հավաքելու պրոցեսն էլ պետք է ընթանա, որովհետև բոլոր բուժհաստատություններին իջեցվել են այդ հանձնարարականները ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել այդ փոխկապակցվածության, էլեկտրոնային համակարգն է ներդրվում, և օր օրի ցուցումների հետ մեկտեղ թեստերի թիվը կավելանա: Փաստացի այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում»:

Ներառել նաև ոչ մասնագիտացված բժշկական հաստատությունները

Առողջապահության նախարարությունը խորհրդարանի քննարկմանն է ուղարկել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծեր, որոնցով նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներառել նաև այն բժշկական հաստատությունները և նրանց բուժաշխատողներին, որոնք մասնագիտացված չեն այս հարցում։ Նաև առաջարկվում է վիրուսի դեմ պայքարում ներառել կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։

Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը խնդրեց կողմ քվեարկել այս փոփոխություններին.- «Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում»:

6 զինծառայող ապաքինվել է կորոնավիրուսից

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ արդեն 2 ամիս է Զինուժում իրականացվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Նշեց՝ վարակված զինծառայողների շրջանում ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ չկան, զինվորական հոսպիտալներում էլ թոքաբորբով հիվանդներ չկան.- «Արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան»:

Օհանյանը չհրապարակեց ո՛չ բուժվող, ո՛չ էլ մեկուսացված զինծառայողների թիվը՝ շեշտելով՝ այդ թիվը չնչին է։ Նրա տվյալներով` շարժական լաբորատորիայի միջոցով արդեն 165 նմուշ է վերցվել՝ կան և՛ բացասական, և՛ դրական պատասխաններ, բայց բացասականները շատ ավելի մեծ թիվ են կազմում։ Շարժական լաբորատորիան գործում է ապրիլի 9-ից ռուս գործընկերների օգնությամբ։ Մինչ այդ հայկական զինուժը համագործակցել է ամերիկյան լաբորատորիաների հետ, ասաց Օհանյանը.- «Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել հետագա ծառայությունը շարունակելու համար»:

Սահակյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չեն Զինված ուժերը բերում զորանոցային վիճակի, երբ սպայական կազմը կմնա զորամասերում, պատասխանեց՝ նման անհրաժեշտություն չկա.- «Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ի զորո է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ այդ խնդրի առաջ դեռ կանգնած չենք: Անհրաժեշտության դեպքում եթե վիճակը պահանջի բերել զորանոցային, ապա Զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի»:

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը հայտարարեց՝ սնունդ մատակարարող ընկերություններից մեկի աշխատակիցը մեկուսացվել է վիրուսի կասկածանքով, այդ շրջանակը մեկուսացված է։ Անհրաժեշտության դեպքում նրանք կթեստավորվեն։ Օհանյանը նաև հավելեց՝ բժշկական ծառայության և ոչ մի սպա, ենթասպա և պայմանագրային զինծառայող վարակված չէ։ Ասաց՝ ռազմական բժիշկները 100 տոկոսով պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարին և ընդգրկված են այդ գործում ըստ անհրաժեշտության։ Օհանյանը նաև նշեց՝ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին, կատարվել են ախտահանման աշխատանքներ, հատկացված են անհատական պաշտպանիչ միջոցներ։