Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 211-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ բացասական արդյունքով թեստերը շուրջ 6 հազարն են:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 814 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 14-ի: