Կորոնավիրուսով վարակված քաղաքացին Արցախում մարտի 31-ին մասնակցել է քվեարկությանը

Արցախի ընտրատեղամասերից մեկի մոտ կուտակումներ են, 31-ը մարտի, 2020թ.

Արցախում պատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին` չնայած երեկ կորոնավիրուսի առաջին դեպքն էր հաստատվել։ Վաղը պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է՝ քվեարկության օրը` ապրիլի 14-ը, ոչ աշխատանքային է լինելու։

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար իրենք լրացուցիչ միջոցառումներ են իրականացնելու.- «Բնականաբար, փորձ կարվի ավելի խիստ պահանջների պահպանմամբ՝ որոշակի հեռավորություն պահպանելով այդ ամեն ինչը կարգավորել: Այս հարցերը կքննարկենք կոմպլեկտ, հիմա նախապատրաստական փուլի աշխատանքների համատեքստում դրան ևս անդրադարձ կա` լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ևս կիրառելու: Երբ արդեն այդ միջոցառումների մասին հստակ և վերջնական լուծումներ կլինեն, անպայման հանրությունն այդ մասին կիրազեկվի»:

Այսօր հայտնի դարձավ՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացին Արցախում մարտի 31-ին մասնակցել է քվեարկությանը։ Արցախի տեղեկատվական շտաբից վստահեցնում են՝ 63-ամյա կինը ձեռնոցներով, դիմակով է եղել: Նա քվեարկությանը օրվա երկրորդ կեսին է մասնակցել, երբ ընտրողների կեսն արդեն ընտրել էր։ Վարակակիրը Քաշաթաղի Միրիկ գյուղի գրանցում ունի և վերջերս էր Հայաստանից վերադարձել։ Նա հիմա կրկին Հայաստանում է` արդեն բուժման համար։

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Քաշաթաղի շրջանում բնակիչների մի զգալի մասը տեղի գրանցում ունի, սակայն փաստացի Հայաստանում է բնակվում։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը պնդում է՝ կնոջը Հայաստանից Արցախ են բերել հատուկ քվեարկության համար:

«Սովորաբար ընտրությունների ժամանակ տեղի է ունենում այս մարդկանց ակտիվ ներհոսք դեպի ընտրական տեղամասեր, հատկապես ՏԻՄ ընտրություններում է դա ընդգծվում, երբ որ ամեն ձայնը կարևոր նշանակություն ունի, և մեքենաներով, կազմակերպված այդ մարդկանց բերում են քվեարկելու: Փաստորեն որոշ գյուղապետեր այս անգամ նույնպես փորձել են ծառայություն մատուցել իրենց նախընտրած կուսակցությանը»,- ասաց Խանումյանը:

Պատգամավորը տեղեկություն ունի, թե վարակակիր կնոջ հարսն էլ հարևան Մոշաթաղ գյուղում է ընտրության մասնակցել։ Ասում է՝ նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում և Բերձորում.- «Կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, որովհետև կոնտակտավորների թիվը բազմաթիվ է` այս 2 գյուղերում վարակակիր անձի և վարակակիր անձի հետ կոնտակտ ունեցած անձանց»:

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ Միրիկ գյուղի բնակիչներն ինքնամեկուսացվել են ու հսկողության տակ են.- «Այնտեղ Առողջապահության նախարարությունը 24-ժամյա հսկողություն է իրականացնում, այսինքն` օրվա ընթացքում անընդհատ ըստ անհրաժեշտության ջերմաչափումներ են իրականացվում, կամ առհասարակ ինչ-որ ախտանիշի պարագայում այս պահին արագ օգնություն ցուցաբերելու և ըստ այդմ տարբեր ընթացակարգերով նախատեսված գործողություններ կատարելու համար օպերատիվ միջոցառումներ են նախատեսված»:

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, քանի որ թեկնածուներից որևէ մեկը մարտի 31-ին չապահովեց անհրաժեշտ թվով՝ 50 + 1 տոկոս ձայն։ Նախագահի թեկնածուներից ամենաշատ քվեներն Արայիկ Հարությունյանն էր ստացել՝ 49.2 տոկոս: Նրա մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի խոսքով` Հարությունյանը մտադրությունը չի փոխել. նա կմասնակցի նաև ընտրությունների երկրորդ փուլին, սակայն իրենք առաջնորդվելու են իշխանությունների կայացրած որոշմամբ։

«Իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է այս ուղղությամբ որևէ որոշում կայացնելը: Եվ ես հասկանում եմ նաև իշխանությունների մտահոգությունները, բայց բարեբախտաբար, պետք է նշենք, որ դեռևս կառավարելի վիճակ է»,- նկատեց Վահրամ Պողոսյանը:

Իսկ քվեների 26,4 տոկոսը ստացած մյուս թեկնածուն` Մասիս Մայիլյանը, օրեր առաջ Ֆեյսբուքում կոչ էր արել արցախցիներին չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Մինչ այդ, արդեն հայտնի է, թե ինչպես են բաշխվելու պատգամավորական 33 մանդատները։ Դրանց զգալի մասն Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքին է հասել՝ 16 տեղ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը երկրորդն է՝ 9 մանդատով։ Խորհրդարանում երեքական տեղ են ստացել Արցախի «Արդարություն» կուսակցությունն ու «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ Իսկ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի Ժողովրդավարական կուսակցությունն էլ 2 մանդատ է ստացել։

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը տարածվեց Եվրամիության հայտարարությունը, ըստ որի` «Միությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը»։

Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։