Լուկաշենկոն շարունակում է կտրականապես դեմ հանդես գալ հակահամաճարակային կոշտ միջոցառումներին

Բելառուս - Մինսկի խանութներից մեկում, 31-ը մարտի, 2020թ.

Չնայած կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում սրընթաց կերպով մոտենում է հազարին, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է կտրականապես դեմ արտահայտվել կոշտ միջոցառումներին` պնդելով, որ երկրի առողջապահական համակարգն ի վիճակի է հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած բարդությունները: Իսկ եթե ի վիճակի չլինի, Լուկաշենկոն պատրաստ է անձամբ միջամտել:

«Ես ասել եմ [առողջապահության] նախարարին` պետք լինի, կգնանք միասին մարդկանց բուժելու: Միայն թե դուք ինձ ասեք, թե ես ինչով պետք է այնտեղ զբաղվեմ: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով` առանց խուճապի, հանգիստ և գեղեցիկ: Մենք պետք է գեղեցիկ ձևով հաղթենք, մարդկանց հարկավոր է արժանապատիվ կերպով փրկել», - երեքշաբթի օրն իր նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, ասում էր Լուկաշենկոն:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 861 էր, որոնցից գրեթե 500-ը՝ մայրաքաղաք Մինսկում, ևս 91-ը` Մինսկին հարող շրջաններում: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս կորոնավիրուսի հետևանքով մահվան 13 դեպք է արձանագրվել:

Չնայած դրան՝ հանրային միջոցառումների մեծ մասը երկրում չի չեղարկվել, բուհերի մեծ մասում դասերը շարունակվում են, զինվորականները շարունակում են պատրաստվել մայիսի 9-ին կայանալիք շքերթին, ավելին` Բելառուսը Եվրոպայի միակ պետությունն է, որտեղ ֆուտբոլի ազգային առաջնությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի ընդհատվել:

Բելառուսի ընդդիմադիր շրջանակներում կարծիքներ են հնչում, որ իշխանությունների նման կրավորական պահվածքի գլխավոր պատճառը երկրի տնտեսական կյանքը չխաթարելն ու նախընտրական տարում հնարավոր հանրային դժգոհությունները նվազագույնի հասցնելն է:

Սոցիոլոգների պնդմամբ, սակայն, երկրի բնակչության զգալի մասի մոտ դժգոհություններ է առաջացնում կորոնավիրուսի դեմ պայքարի՝ իշխանությունների որդեգրած այսպես կոչված «օջախային ռազմավարությունը», երբ հիմնական շեշտը դրվում է ոչ թե մարդկանց միջև շփումները կանխելու, այլ վարակակիրների արագ մեկուսացման վրա:

SATIO սոցիոլոգիական ծառայության անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ բելառուսցիների 70 տոկոսն այսօր կողմ է հանրային բոլոր միջոցառումներն արգելելուն, 56 տոկոսը` բոլոր բուհերում և դպրոցներում ուսումնական պրոցեսը դադարեցնելուն: Երկրի բնակչության գրեթե 20 տոկոսն էլ միանշանակորեն կողմ է արտահայտվում Բելառուսի ողջ տարածքում պարետային ժամ հայտարարելուն:

«Կարանտին, պարետային ժամ՝ ոմանք այսօր նման հայտարարություններով են հանդես գալիս: Հավատացեք, դա շատ հեշտ է անել, մենք այդ ամենը կարող ենք կյանքի կոչել ընդամնեը մեկ օրում, բայց հետո ի՞նչ ենք ուտելու», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն: