«Օրական 40-ից 50 գրամ օղի և չոր սաունա», - սրանք են կորոնավիրուսի կանխարգելման ամենագործուն միջոցները ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:
Բելառուսի նախագահը համաճարակի հաղթահարման իր մեթոդների մասին պատմեց երկուշաբթի օրը` նորանշանակ մի շարք պաշտոնյաների և դեսպանների հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
«Օղիով պետք է ոչ միայն ձեռքերը լվանալ, այլև մաքուր սպիրտի վերահաշվարկով օրական 30-40 գրամ օգտագործել՝ սպանելով այդ վիրուսը: Բայց հատուկ ցանկանում եմ ընդգծել՝ աշխատավայրում դա անել պետք չէ», - դիմելով ենթականերին՝ հայտարարում էր Լուկաշենկոն, խորհուրդ տալով նաև սաունա գնալ:
Բելառուսի նախագահը պնդում էր, թե չինացիներն իրեն ասել են, որ 60 աստիճան ջերմության պայմաններում կորոնավիրուսի հետքերը վերանում են:
Նշենք, որ աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Լուկաշենկոն անհամեմատ ավելի լուրջ էր տրամադրված:
Ինչպես և նախորդ ամիսներին, մինչև կորոնավիրուսի համաճարակի բռնկումը, Լուկաշենկոյի թիրախը նույնն էր` պաշտոնական Մոսկվան:
Բելառուսի նախագահն անկեղծորեն տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է միութենական պետության մաս կազմող մի երկիր փակել իր սահմանը այդ նույն միության անդամ մեկ այլ երկրի հետ: Լուկաշենկոն նաև հիշեցնում է, որ ռուս-բելառուսական պետական սահմանը դեմարկացիայի` սահմանազատման չի ենթարկվել, ուստի նույնիսկ պարզ չէ, թե ինչն է փակել պաշտոնական Մոսկվան:
«Մենք սահման չունենք, այնպես որ փակելու բան էլ չկա: Դե նրանք երևի արդեն իսկ իրենց մոտ այդ սահմանը գծել են: Ամեն դեպքում, դա իրենց գործն է: Այլ բան է տարօրինակ,որ [ռուսաստանյան իշխանություններն] այդ սահմանը տեղաշարժի համար ամբողջությամբ են փակել: Ոչ թե ուժեղացված հսկողություն են սահմանել` կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու նպատակով, այլ պարզապես փակել են», - հայտարարում էր Բելառուսի նախագահը` հեռակա խորհրդով դիմելով Մոսկվայի ներկայացուցիչներին:
«Ես իմ սեփական փորձից ելնելով` որոշ ռուսաստանցի տաքգլուխների ցանկանում եմ պարզապես խորհուրդ տալ` խոսելուց առաջ մտածեք: [Սահման] փակելը, ինչպես նաև պատերազմ սկսելը շատ ավելի հեշտ է, քան հետո այն ավարտելը կամ բացելը», - հայտարարում էր Լուկաշենկոն` ակնհայտ երանությամբ հիշելով 90-ականները, երբ Բելառուսի իշխանությունները բանակցում էին ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ նրանից առաջ պաշտոնավարած ռուսաստանցի պետական գործիչների հետ:
«Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք Բորիս Ելցինի և Վիկտոր Չերնոմիրդինի հետ բացում սահմանը: Թող Աստված նրանց հոգին լուսավորի, նրանք երևի այն աշխարհում չեն էլ պատկերացնում, թե հիմա ինչ է կատարվում: Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք բանակցում [սահմանային հսկողության վերացման մասին], և անկեղծ եմ ասում, չէի ցանկանա, որ դա իմ կյանքում մեկ անգամ ևս կրկնվեր: Ռուսաստանում իշխանության եկած մարդիկ, սակայն, դա կարծես չեն հասկանում», - նշում էր Լուկաշենկոն:
Այս պահին, փաստորեն, Բելառուսն իր անմիջական հարևաններից որևէ մեկի հետ բաց սահման չունի: Չնայած դրան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է պնդել է, որ կորոնավիրուսի տարածման առումով երկրում կացությունն անհամեմատ ավելի բարվոք է, քան հարակից երկրներում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բելառուսում կորոնավիրուսի 36 հաստատված դեպք է արձանագրվել, վարակակիրներից երեքն արդեն իսկ ապաքինվել են:
Բելառուսի նախագահը երեկ կայացած խորհրդակցության ժամանակ նաև պնդում էր, թե երկրում վիճակն այնքան լավ է, որ անգամ բժշկական դիմակների ավելցուկ է առաջացել: «Այժմ մտածում ենք այդ դիմակները գերմանացիներին վաճառելու մասին», - խոստովանում էր Բելառուսի նախագահը: