«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի 4 մահվան դեպքը՝ Ֆեյսբուքի իր էջում գրում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է 39-ով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ վարակված է 571 մարդ։ 2704 թեստի արդյունք բացասական է, փաստացի բուժվում է 537 պացիենտ։ Վարակակիրներից 31-ն ապաքինվել են։
Վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ, ըստ առողջապահության նախարարության, նրանց փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն, «Ազատությանը» փոխանցեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Թոքաբորբ ունի շուրջ 90 մարդ, որից 30-ը` ծանր վիճակում, 424 մարդ ջերմություն չունի:
«Երբ որ մենք հիվանդին ընդունում ենք, մենք ընդունում ենք այդ պահին ինքն ինչ հասցե, որ ասել է, հետո անձնագրով տեսնում ենք, որ իր ասած և անձնագրի հասցեն իրար հետ չեն համապատասխանում: Դա չի նշանակում, որ մենք հիվանդին չենք գտել և հիվանդն այսպես ասած հիվանդանոցում չի, պարզապես, քանի որ համակարգում իր ասած հասցեն է այդ պահին ֆիքսվել, մենք մեկ անգամ ևս հստակեցնում ենք իր փաստացի բնակության վայրով, ամբողջ մարզերով քարտեզագրման համար, որպեսզի մենք կարողանանք քարտեզագրել և ունենալ հստակ փաստացի իրենց բնակության վայրը», - ասաց Նիկողոսյանը:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվել է 6 զինծառայող։
«Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ 5 զինծառայող հիվանդությանը բնորոշ որևէ ախտանշան չունի։ Վարակված զինծառայողների կոնտակտավորները մեկուսացված են։
«Մեր 6 հիվանդ զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: 5 զինծառայողի մոտ վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ ընդհանրապես չկան, մեկը թույլ ջերմություն ունի», - ասաց Ստեփանյանը:
ՊՆ խոսնակն հայտնեց, որ արտերկրից Հայաստան վերադարձած զինծառայողների մոտ թեստը բացասական է եղել, նրանք անցել են ծառայության։
«Վերադարձել են ծառայության և շարունակում են իրենց պարտականությունները կատարել», - նշեց Շուշան Ստեփանյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքում հրապարակել է տարբեր երկրների՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման արագությունը։ Թորոսյանը գրում է, որ տարբեր երկրները այս ընթացքում կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման տարբեր արագություններ են ունեցել՝ 2-ից մինչև 10 օր, Հայաստանում այն տվյալ պահին 7 օր է։
«Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան», - գրել է առողջապահության նախարարը։
Եվ եթե այս տեմպը պահպանվի, ըստ Թորոսյանի, Հայաստանը ապրիլի 7-ին կունենա մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ:
«Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով», - ֆեյսբուքում գրել է նախարար Թորոսյանը։
Առողջապահության նախարարը չի կարծում, որ սա Հայաստանի կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը չի կարողանա այդ բեռը տանել, որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել՝ շեշտում է Թորոսյանը:
Ըստ մարզերի, Հայաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է՝ 219 հիվանդ Երևանում, մայրաքաղաքից հետո երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 113 վարակված, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 88 հիվանդ, այնուհետև Արմավիրի մարզը՝ 51 վարակված, այնուհետև Արագածոտնը` 10 վարակված, այս մարզին հաջորդում է Սյունիքը՝ 8 վարակված, հետո՝ Շիրակը՝ 6, Լոռին՝ 4, Տավուշը՝ 2, իսկ Վայոց ձորը՝ 1 վարակված։
Ոստիկանության տվյալներով, մարտի 25-ից սկսած 3806 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար։ Այս ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 2705 տրանսպորտային միջոց, որոնց մեջ գտնվել են երկուսից ավելի ուղևոր։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 69 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։