Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցեց 42 հազարը, բուժվել է շուրջ 178 հազար մարդ


Իտալիա - Զինվորականները պարեկություն են իրականացնում Միլանի դատարկ փողոցներում, մարտ, 2020թ.
Իտալիա - Զինվորականները պարեկություն են իրականացնում Միլանի դատարկ փողոցներում, մարտ, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների թիվն աշխարհում արդեն գերազանցել է 42 հազարը, վարակվածներինը մոտենում է 860 հազարին, բուժվել է շուրջ 178 հազար մարդ:

Մահացության ամենամեծ ցուցանիշը շարունակում է գրանցվել Իտալիայում՝ մոտ 13 հազար մարդ: Երեկ երկրում սուգ էր հայտարարված, իջեցվել էին դրոշները, իտալացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին մահացած հայրենակիցների հիշատակը:

Իսպանիան երկրորդն է մնում զոհերի թվով՝ երկրում մահացել է մոտ 9 հազար մարդ, կարանտինի պայմանները կրկին խստացվում են:

Ֆրանսիայում մահացածների թիվը գերազանցել է 3,5 հազարը: Մինչև վերջերս երկրում հանգուցյալի հարազատները չէին կարող նույնիսկ մասնակցել հուղարկավորությանը, այժմ այդ արգելքը մեղմվել է:

Արդեն երկու շաբաթ կարանտինի մեջ գտնվող Մեծ Բրիտանիայում 25,5 հազար դեպք է գրանցվել և մոտ 2 հազար մահ, լուրջ խնդիրներ են ծագել սննդի մատակարարումների հարցում:

ԱՄՆ-ում զոհերի թիվն արդեն գերազանցում է 4 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 190 հազարին՝ այս ցուցանիշով Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում:

Կորոնավիրուսից առաջին մահը գրանցվեց Բելառուսում՝ մահացել է Վիտեբսկում հայտնի դերասան Վիկտոր Դաշկևիչը: Տեղի բժիշկներն ասում են, որ քաղաքի հիվանդանոցները գերբեռնված են՝ գրեթե բոլոր պացիենտները թոքաբորբ ունեն: Լրագրողներն իշխանություններից ճշգրիտ տեղեկատվություն են պահանջում: Երկրում, սակայն, ամեն ինչ աշխատում է սովորականի պես:

Վրաստանում պարետային ժամ է սահմանվել և սահմանափակվել է ալկոհոլի վաճառքը:

Ղազախստանի նախագահը դիմել է ժողովրդին և ամեն տեսակի աջակցություն խոստացել:

Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, հաստատված դեպքերի թիվն ավելի քան 2 հազար 300 է, վերջին մեկ օրվա ընթացքում 500 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուս է հայտնաբերվել բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ՝ նրա հետ մեկ շաբաթ առաջ հանդիպել էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Պրոցենկոն մեկուսացվել է իր կաբինետում և շարունակում է աշխատել: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 23-ի: Պետդուման խստացրել է պատիժը կարանտինի կանոնները խախտելու և կեղծ լուրեր տարածելու համար ու կառավարությանը թույլ է տվել համաճարակի դեպքում արտակարգ իրավիճակ հայտարարել:

XS
SM
MD
LG