Պատգամավորների մեծամասնությունը առանց դիմակ են, չեն պահպանում անհրաժեշտ հեռավորություն

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկում էին կորոնավիրուսից մահացածներին չհերձելու հարցը, իսկ միջանցքներում՝ գործընկեր երկու պատգամավորների ռապիդ թեստերի դրական արդյունքը։

Չնայած կուլիսային մտահոգություններին, պատգամավորների մեծամասնությունը դարձյալ առանց դիմակների էր, չէին հետևում նաև մեկ մետրից ավելի հեռավորություն պահպանելու՝ Առողջապահության նախարարության խորհրդին։ Նիստից մի քանի ժամ անց ԱԺ նախագահը որոշեց այնուամենայնիվ նիստերի դահլիճից հայտարարել՝ Արցախ մեկնող պատվիրակության անդամներից այն երկուսը, ում մոտ ռապիդ թեստը դրական է եղել, երեկ կրկնակի թեստ են հանձնել:

«Կասկածը հերքվել է: Սա, կարծում եմ, կարևոր էր, որ հայտարարեի, որպեսզի նորմալ շարունակենք մեր աշխատանքները», - ասաց Արարատ Միրզոյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով դեռ անցած շաբաթ էր ասում, որ ԱԺ նիստերը պետք է գումարվեն միայն հրատապ հարցերի դեպքում, ու հենց այդ հայտարարության համար էլ արժանացել էր իշխանական գործընկերների քննադատությանը, հույս հայտնեց, որ իշխանականները գոնե հիմա իր առաջարկը լուրջ կընդունեն ու կվերաիմաստավորեն իրենց քայլերը։

«Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է, online են աշխատում: Ուկրաինայում երեք պատգամավոր արդեն հիվանդությունը ունի, վարակը հաստատվել է: Այս ձևով այսինքն՝ պառլամենտները սկսում են անցնել online աշխատանքի: Մեր օրենքը մեզ թույլ չի տալիս, բայց մենք կարող ենք հավաքվել միայն հրատապ, արտակարգ դրության հետ կապված հարցերով», - նշեց Մարուքյանը:

Անհանգիստներից էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո շտապեց կորոնավիրուսի թեստ հանձնելու:

Ժամեր անց ֆեյսբուքյան էջում պատգամավորը տեղադրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տրամադրած տեղեկանքը՝ թեստը բացասական է։ Սովորական քաղաքացիները, սակայն, իրենց ապահովության համար թեստ հանձնելու հնարավորություն չունեն, բժշկական կենտրոնի ընդունարանից են փոխանցում՝ իրենք թեստեր չեն անում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատությանը» փոխանցեց՝ մասնավոր հիվանդանոցներ կան, որոնք ձեռք են բերել և վճարովի հիմունքներով թեստեր են անում, ինչը իրենց վերահսկողությունից դուրս է։ Բայց բացառում են, որ առանց ախտանշանի ու հստակ ցուցման նախարարությունը թեստավորում անի:

«Մասնավոր բժշկական կենտրոն է, որն իր համար ձեռք է բերել ու վճարովի հիմունքներով կազմակերպում է, մենք դա չենք վերահսկում: Մեզ մոտ կոնկրետ միայն բժշկի ցուցումով է», - ասաց Նիկողոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փոխանցեց՝ թեստավորվել են միայն Արցախ մեկնած պատվիրակության անդամ պատգամավորները, մյուսների մասով ցուցում չի եղել: Առանձին դեպքերն էլ սեփական նախաձեռնություններ են: Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցներին, պատգամավորներին առաջարկվել է դիմակ կրել, կանեն, թե ոչ՝ արդեն իրենք պետք է որոշեն, ասում իշխանական խմբակցության ղեկավարը

«Ես, ամեն դեպքում, կրում եմ: «Իմ քայլը» խմբակցությունում բոլոր այն անձինք, ովքեր ռիսկային գոտուն են պատկանում, նրանք բոլորը կրում են դիմակներ», - նշեց Մակունցը:

Սոցիալական պատասխանատվության մասին կոչեր անող պատգամավորները դիմակ ու ձեռնոց չկրելը սոցիալական անպատասխանատվություն չեն համարում:

Իշխանական խմբակցության երիտասարդ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար դիմակ ու ձեռնոց կրելու մասին հարցն ինքնին անընդունելի է, ձեռնոց ու դիմակ կրող լրագրողներին էլ հորդորում է գնալ ու լսել առողջապահության նախարարի ասուլիսը:

«Առողջապահության նախարարի ասուլիսը նայեք էլի, այսինքն՝ ինքը բացատրել է դիմակների օգտագործման անհրաժեշտությունները», - ասաց Գրիգորյանը:

Լսեցինք: Բժշկական դիմակի դեֆիցիտի և գնաճի մասին խոսելուց հետո Արսեն Թորոսյանն ասում է՝ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա ու հավելում՝ դիմակը պարտադիր է վարակվածների և նրանց խնամողների համար։ Ի դեպ, ինքը՝ նախարարը ճեպազրույցից օրեր անց՝ նախագահի հետ հանդիպմանը բժշկական դիմակով էր: