Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող միակ պացիենտի վիճակի բարելավում ունենք


Կորոնավիրուսով վարակված մարդկանցից ծայրահեղ ծանր վիճակում է մեկը, տասնչորսի վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդու, ինչպես նաև ծանր դեպքերից երկուսի առողջությունը բարելավվում է. – «Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք, հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք, այսինքն արհեստական օդափոխության սարքը անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս երկու ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ, հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»:

Միայն երեկ հաստատվել է վարակի 58 նոր դեպք, որոնցից 25-ը եղել են կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր են: Մյուս երկու դեպքը արտասահմանից բերված է, շփման շրջանակը, ըստ նախարարի, պարզվում է:

Նոր տվյալներ չկան ապաքինված մարդկանց մասին: Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին կլրանա մի քանի դեպքերի 14 օրը, կրկնակի թեստեր կանցկացվեն:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ից սկսած 482 դեպք է գրանցվել, որոնցից 3-ը մահացել են, 30-ը` ապաքինվել:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունը վկայում է, որ եթե բանը հասնում է վերակենդանացման բաժանմունքին, ապա այս դեպքերի 50 տոկոսին միացվում է արհեստական շնչառության սարք, ինչը շատ ծանր փուլ է, քչերի կյանքն է հաջողվում փրկել. – «Իհարկե մեր թվերը փոքր են, և կանխատեսում անել մեր թվերի վրա դժվար կլինի: Ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ, ունենք նաև ծանր, որը երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել, միջին կդառնա շուտով և հետո ամբողջությամբ կապաքինվի: Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը: Որովհետև առանց քրոնիկական հիվանդությունների պացիենտները հիմնականում նույնիսկ չեն հասնում ռեանիմիացիոն ծառայությանը: Բացի մեկից, որը պարզապես ուշ է դիմել բուժհաստատություն, մենք մի քիչ ուշ են ախտորոշել, երիտասարդ է ինֆիլտրատիվ երկկողմանի թոքաբորբ ունի: Եթե մի քիչ շուտ դիմեր, հնարավոր է, ինքն էլ հասած չլիներ ռեանիմիացիա»:

Կորոնավիրուսով վարակված զինծառայողները, այսօրվա տվյալներով, վեցն են. հաստատվել է ևս մեկ դեպք: Զինծառայողը մեկուսացված է: Ըստ Պաշտպանության նախարարության, վարակը նույն աղբյուրից է, բոլորը նույն զորամասից են: Զինծառայողները հոսպիտալացվեն են, նրանց առողջական վիճակը բավարար է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, արտասահմանից վերադարձած և ինքնամեկուսացած, ինչպես նաև առաջին դեպքի պատճառով մեկուսացած զինծառայողները թեստավորվել են. – «Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության»:

Երեկ հերքվել է 162 թեստ, ընդհանուր` 2216: Մեկուսացումից դուրս է եկել մոտ 250 մարդ:

Հայաստանյան վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկուսացվածների մոտ 10 տոկոսի դեպքում կարանտինի ավարտին հաստատվում է վարակը, թեև նրանք ախտանիշներ չեն ունենում: Ուստի մնում են մեկուսացված ևս մեկ շաբաթ:

Ավագյանը Արմենը, որ երկու շաբաթ մեկուսացված էր Ծաղկաձորում, այսօր տուն է գնացել: Նա ճամփորդելիս մի քանի ժամ եղել էր վարակի օջախ Իտալիայում:

«Էսօր առավոտ զանգեց մեր բժիշկը ու ասեց, որ Արմեն ջանի թերտի արդյունքները բացասական ա: Ի միջի այլոց, էս միակ դեպքն ա երևի կյանքում, որ բացասական արդյունքը էսքան դրական էմոցիաներով ա արտահայտվում: Ու որ մենք պատրաստ լինենք նախաճաշից հետո միանգամից ավտոբուսը գալու ա, որ մեզ տանեն Երևան: Ինչպես բոլոր ճանապարհորդություններից, իմ հետ նվերներ եմ բերել ու որոշեցի էդ հոգատար վերաբերմունքի համար նվերների մի մասը թողնել ստեղ` անձնակազմին, ու արդեն նվիրել եմ իրանց, իհարկե թեստի բացասական արդյունքները ստանալուց հետո», - ասաց Արմեն Ավագյանը:

Վարակվածներից շատերի դեպքում բուժումը պայմանական է. նրանք պարզապես 14 օր մնում են հիվանդանոցում:

«Երիտասարդ տարիքային գոտում գտնվող և խրոնիկական հիվանդություններ չունեցող մեր քաղաքացիներին պարզապես հյուրանոցներում ենք տեղավորում այդ 14 օրը անցկացնելու համար», - Կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարարը:

«Այո, մենք փոխեցինք մեր մարտավարությունը և այսպես ասած պայմանական ասիմպտոմ պացիենտներին որոշեցինք պահել ոչ թե հիվանդանոցներում, որովհետև նրանք գործնականում ոչ մի բժշկական միջամտության կարիք չունենմ այլ հյուրանոցներում: Իհարկե` բժշկական հսկողության տակ», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG