Մատչելիության հղումներ

Վանաձոր. ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև գաղտնի գործող վարսավիրանոց


Լոռու մարզում մինչև այսօր երկու մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Նրանք բուժվում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, երկուսի վիճակն էլ լավ է և շուտով կրկնակի թեստավորվելուց հետո կարող են դուրս գրվել։ Այս մասին «Ազատությանն» ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Թիվը չի աճել, բայց պետք չէ դա ընդունել որպես, այսպես ասենք, չափանիշ մարզի կտրվածքով: Ընդհանրապես գիտեք, որ վարակակիրների թիվն ավելացել է և ավելանում է ավելի մեծ տեմպերով, այնպես որ դա շատ հարաբերական է, և պետք է խստագույնս պահվեն ամբողջ հանրապետության տարածքում այդ կանոնները», - նշեց Ղուկասյանը:

Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բացի նշված երկուսից բուժվում են նաև Երևանից տեղափոխված հիվանդներ: Հայաստանում վիրուսի առաջին իսկ դեպքերի արձանագրումից հետո Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն առանձնացվել է զուտ միայն կորոնավիրուսով հիվանդների համար։ Մյուս հիվանդություններով անձինք տեղափոխվել են այլ բժշկական կենտրոններ։

Արդեն 5 օր արգելված են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Պարետի ցուցումներով փակ են նաև վարսավիրանոցները, բայց Վանաձորում կենտրոնական հրապարակից ոչ հեռու մի բաց վարսավիրանոց տեսանք։ Երկրորդ հարկում մազեր էին հարդարում։ Անգամ մեր այցելության պահին հաճախորդներ մտան։

Վարսավիրանոց մտած հաճախորդներին արագ հեռացնելուց հետո սեփականատերը մեզ թույլ չտվեց բարձրանալ վերև։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ նման խախտումներ Վանաձորում արձանագրել են։ Որոշ խանութների նկատմամբ կիրառվել է վարչական տույժ։

«Նաև ունենք մթերային խանութ, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է՝ հակահամաճարակային պայմանները չպահելու համար: Սա կարող եմ ասել, որ միայն սկիզբն է և կոչ եմ անում, հորդորում եմ, որ բոլոր տնտեսվարողները, մթերային խանութի, պահեն այդ կանոնները», - ասաց մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանը ղեկավարում է կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող մարզային շտաբի աշխատանքները։ Ասում է՝ վերջին օրերին, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներից հետո, տանը մնալու ցուցումներին Լոռիում հետևողները շատացել են, բայց ամեն դեպքում ձեռքի տակ մտահոգիչ տվյալներ ունեն։ Ոստիկանությունը Լոռու մարզում ավելի քան 100 քաղաքացու նկատմամբ արձանագրություն է կազմել անձնագիր կամ տեղաշարժի թերթիկ չունենալու համար։

«Իմ դիտարկմամբ՝ տարեցները մի փոքր ավելի հանգիստ են վերաբերվում այս ամեն ինչին և շատ եմ նկատել, որ բակերում հավաքվում են, զրուցում կամ թղթախաղով զբաղվում: Այդ առումով, իհարկե, մտահոգիչ է, բայց համեմատ առաջին երկու օրվա, կա դրական տեղաշարժ», - նշեց Ղուկասյանը:

XS
SM
MD
LG