Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 194 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի վարակի 194 հաստատված դեպք կա։ Թիվը երեկ երեկոյան հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն այսօր էլ մնացել է անփոփոխ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ երեկ ազգային լաբորատորիայում հետազոտություններ չեն արվել ախտահանման աշխատանքների պատճառով։ Լաբորատորիան այսօր առավոտից անցել է գործի:

Արձանագրված 194 դեպքերի 75 տոկոսը Էջմիածնից ու Շենգավիթի արտադրամասից են: Էջմիածնից վերջին օրերին վարակակիրներ չեն եղել։

«Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել։ Մեզ հիմա պիտի հաջողվի կանգնեցնել, աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը», - ասաց վարչապետը:

Պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, բայց առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ ծանր վիճակում չեն:

«Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն ինտուբացված չեն, այսինքն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: Այս վեց քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, այսինքն՝ ծանր չէ», - նշեց Թորոսյանը:

Վերակենդանացման բաժանմունքնում գտնվողները վիրուսից բացի, ունեն ուղեկցող այլ հիվանդություններ։ Մյուս վարակակիրները հատուկ բուժման կարիք չունեն, միայն երբեմն ջերմիջեցնող դեղամիջոցների։

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ 194 վարակակիրների 78 տոկոսը ընդհանրապես չի ջերմում․ - «37-38 աստիճան ջերմություն ունեն 18 տոկոսը, 38-39 աստիճան ջերմություն ունեն 3 տոկոսը, և 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդներից ընդամենը 1 տոկոսը»:

«Նորք» ինֆեկցիոնում հսկողության տակ գտնվող վարակակիրներից 65-ն անց են 9 հոգի, 70 տարեկանից բարձր 3 քաղաքացիներ են, 80-ն անց հիվանդ չունենք։ «Սա նշանակում է՝ ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Աշխարհում գրանցված մահերի վերլուծությունը ցույց է տալիս՝ կորոնավիրուսի վարակի առումով ամենախոցելին տարեցներն են։

Վաղվանից հայաստանյան մթերային խանութներում, սուպերմարկետներում ժամեր են առանձնացվում կենսաթոշակային տարիքի մարդկանց սպասարկելու համար․ այս մասին տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։ Առավոտյան 10-12-ը տատիկ-պապիկների ժամն է: Ավինյանը երիտասարդներին հորդորում է այդ ժամերին գնումների համար խանութ չմտնել։

«Մեր առողջությունը ձեր ձեռքերում է, մենք ապահով ենք, եթե դուք տանն եք», - նա նաև այսպիսի պլակատներ պահած տարեցների լուսանկարներ է հրապարակել։

«Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր», - ասել է վարչապետ Փաշինյանը վարակի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում․ - «Կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք այսպես ասած ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել՝ իհարկե հընթացս նաև հետևելով իրադարձություններին»։

Փաշինյանի խոսքով, այս պահին անորոշություն է ողջ աշխարհում, չկա մի երկիր, որ հստակ հսկողության տակ է առել վիճակն ու կառավարում է այն, անսպասելի տեղեկություններ են գալիս․ - «Չեմ ուզում երկրի անունը տալ, բայց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում պաշտոնապես խոստովանել էին, որ ունեն թեստերի դեֆիցիտ, օրինակ։ Չեն կարողանում անհրաժեշտ չափով քաղաքացիներին թեստավորել և այլն։ Այնպես որ մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը երկու ուղղությամբ է աշխատում՝ քննարկում են հակաճգնաժամային ու ռազմավարական ծրագրեր, իսկ պարետատան միջոցով կարգավորում են օպերատիվ հարցերը։

Այս պահին գլխավոր խնդիրը մնում է վարակի տարածումը կանխարգելելը։ Առողջապահության նախարարությունն արդեն հուշաթերթիկներ է պատրաստել, և դրանք այսօր քաղաքացիներին բաժանելու էր դուրս եկել վարչապետի տիկինը՝ որպես կամավոր։

«Կարծում եմ, իմ դեմքով տարածելը առաջին հերթին նաև կարևոր է։ Նրա մասին է, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես մեկուսանալ», - ասում է Աննա Հակոբյանը։

Նա նշեց, որ ինքնամեկուսացումից երեկ է դուրս եկել, խանութ է գնացել, իր հետ գրկախառնությունների ու սելֆիների փորձեր չեն եղել։ Վարչապետի տիկինը ենթադրում է, որ մարդիկ ենթարկվում են հակահամաճարակային կանոններին․ - «Գիտակցական ամենաբարձր մակարդակն է, ինչը առաջին օգնությունն է լինելու կառավարությանը՝ հաղթահարելու այս ճգնաժամը։ Որովհետև առանց քաղաքացիների աջակցության, ինչ էլ անեն, ինչ էլ կազմակերպեն, հաջողություն չեն ունենա»։

Հակոբյանը դիմակով չէր և այդ առթիվ անցորդներից մեկից նկատողություն ստացավ։ Ավելի ուշ Աննա Հակոբյանի խոսնակը պարզաբանեց, որ բացօդյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, եթե հազ կամ ջերմություն չունեն, իսկ ձեռնոցների փոխարեն ախտահանիչ ալկոգել ունեն։