Մատչելիության հղումներ

190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի. նախարար


Հայաստանում կորոնավիրուսով 190 պացիենտներից մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն, հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ նրանցից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի, ստանում են համապատասխան բուժում` թթվածին, սակայն ինտուբացված չեն, այսինքն` թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: Նախարարը վստահեցրեց` այս 6 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն, պահանջվում է մշտական հսկողություն, որն իրականացվում է:

«Ինչպես շատ հաճախ ասում ենք, այս կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է կողքից խրոնիկական հիվանդություն ունեցող անձանց մոտ և տարիքով ավելի բարձր անձանց մոտ, և այս մեր 6 քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցվող հիվանդություններ, դրա համար նրանք կարիք ունեն ինտենսիվ թերապիայի», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, մաքսիմում ջերմիջեցնողներ և գտնվում են բժշկական հսկողության տակ:

«Շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը, մենք, թեստեր անելով, հավանաբար նրանց առողջություն մաղթելով, կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր, առօրյա կյանքի: Նաև մեր որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը կլրանա, և նրանց նորից թեստավորելով` հույս ունենք, որ նրանց մոտ կորոնավիրուսային վարակը վերացել է, և նրանց նույնպես դուրս կգրենք հիվանդանոցից», - հայտնեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մանրամասնել է, որ հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

«Ինչպես հայտնել էի երեկ, 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակտավորները ևս պարզված են», - նշել է նա` հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն:

Մարտի 20-ին, դեպքերի թիվն աճել էր 24-ով` հասնելով 160-ի:

Վարակվածների վերաբերյալ տվյալները Առողջապահության նախարարությունն արդեն թարմացնում է օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը 10-ին։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է մարտի 17-ին, երբ հայտարարվեց 33 հաստատված դեպքի մասին։ Իսկ հաջորդող օրերին ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։

Մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու նախագիծը մարտի 20-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց։

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։


XS
SM
MD
LG