Եվրոպայում այլևս չկա երկիր, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր արձանագրված չլինեն՝ Չեռնոգորիան գրանցեց վարակի առաջին երկու դեպքերը:
Սերբիան պարետային ժամ է հայտարարում և տարեցներին խորհուրդ չի տալիս տանից դուրս գալ: Նմանատիպ սահմանափակումներ են գործում գրեթե բոլոր երկրներում:
Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 800 մարդ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 8 հազարին:
Իրավիճակն Իտալիայում շարունակում է մնալ ամենածանրը, այնտեղ վերջին մեկ օրվա ընթացքում 345 մարդ է մահացել, մոտ 32 հազար մարդ վարակված է:
Հիվանդության դեպքեր արդեն գրանցվել են Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում, զոհերի թիվը երկրում արդեն գերազանցում է 100-ը:
Վարակի տարածման դեմ պայքարի հիմնական մեթոդը մեկուսացումն է, համաճարակաբանները չեն դադարում այդ մասին ասել:
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 21 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 114 է: Ռուսաստանի կառավարությունը խոստանում է «անհրաժեշտության դեպքում» արագորեն հիվանդանոցներ կառուցել: Մոսկվային մոտ գտնվող Գոլոխվաստովո գյուղում նման հիվանդանոց արդեն կառուցում են:
Բոլոր դաշնային թանգարանները, թատրոնները, կրկեսները փակվում են, Ռուսաստանը դադարեցրել է վիզաների տրամադրումը, սպորտային միջոցառումները նույնպես ամբողջովին դադարեցված են: Նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել առանց դեղատոմսի դեղորայքի առցանց վաճառք և կոչ արել քաղաքացիներին սնունդ գնել միայն անհրաժեշտ քանակությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի հետ զրուցելուց հետո Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն կարող է հետաձգվել, «եթե իրավիճակը դա պահանջի»:
Այդ փոփոխություններով նախատեսվող՝ Պուտինի նախագահության ժամկետների զրոյացման դեմ հանդես եկող ցուցարարներին ձերբակալում են ողջ Ռուսաստանով մեկ: