Նոր կորոնավիրուսը ախտահարել է ավելի քան 180 հազար մարդկանց, մահացել է ավելի քան 7 հազար 160 մարդ։
Վարակահարուցիչի անունն է SARS-CoV-2։ Դրա հարուցած հիվանդության անունն է Coronavirus 2019 կամ ավելի կարճ՝ Covid 19։
Այն նման է մի շարք վիրուսների, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ գրիպից մինչև սուր շնչառական համախտանիշ, որն այս դարասկզբին պատուհասել է Ասիայի տարածաշրջանը։
Դրա չափը 1 միլիմետրի 200 միլիոներորդական է, պատկերավոր ասած՝ պստիկ ասեղի անցքով կանցնի միանգամից 50 հազար վիրուս։
Դրա մակերեսը պատված է թագանման պրոտեիններով, ինչի համար էլ գիտնականները վարահակահարուցիչն անվանել են «կորոնավիրուս»։
Հիմա գիտական աշխարհը որոնում է այդ վիրուսը ոչնչացնող պատվաստանյութ։ Եթե ստեղծվի պատվաստանյութ, որն օրգանիզմին կօգնի ճանաչել և ոնչնացնել վիրուսն, ապա մարդկությունը կհաղթի այդ պայքարում։
Այդ խնդրով են զբաղվում աշխարհի բոլոր առաջատար լաբորատորիաները և ոչ միայն վարակի էպիկենտրոն Չինաստանում, հարևան Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայում կամ Եվրոպայում։
Ավստրալացի գիտնականները կարողացել են քարտեզավորել երկրում առաջին ախտահարվածի իմունային արձագանքը։ Առողջապայության նախարարության համոզմամբ` դա շատ կարևոր քայլ է պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ;
«Սա շատ է ոգևորում, քանի որ, փաստորեն, մեր մարմինն անում է այն, ինչ մեզ պետք է նման իրավիճակներում, այն պատասխան հարված է տալիս վիրուսին, նույնիսկ եթե դա նոր տեսակի վիրուս է»,- ասել է գիտնական Կարոլեն Վան Դե Զանդթը։
Ավստրալիայում առաջին ախտահարվածը բուժվել է, և հիմա գիտնականները փորձում են պարզել ապաքինման մեխանիզմն ու ստեղծել պատվաստանյութ։
«Սա մեղմ կամ միջին գանգատներով պացիենտի իմունային արձագանքի թերևս ամենաարդիական քարտեզավորումն է, ինչո՞ւ է կարևոր՝ երկու առումով. նախ տալիս է հնարավոր կանխարգելիչ վակցինաներից ամենաարդյունավետն արագ ընտրելու հնարավորություն, բացի այդ, դա կօգնի բուժման ավելի արագ եղանակ ընտրել արդեն ախտահարվածների համար»,- ասել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը։
Դեղամիջոցների արտադրության ոլորտում առնվազն տասնյակ համաշխարհային հայտնի ընկերություններ այս պահին աշխատում են հակավիրուսային պատվաստանյութ և պատկան դեղեր ստեղծելու վրա։ Մինչդեռ, կորոնավիրուսի նախնական աղբյուր համարվող Չինաստանի Հուբեյի նահանգից արդեն հեռանում են երկրի այլ գավառներից ժամանած բժիշկների թիմերը, քանի որ համավարակը զսպելու աշխատանքը հիմնականում կատարվել է։
Պեկինի կարգադրությամբ Հուբեյի նահանգ և, մասնավորապես, Ուհան քաղաք էր մեկնել 3 հազար 675 բժիշկ, նրանք աշխատել են 14 ժամանակավոր հիվանդանոցներում։
«Ես այստեղ եկա` գիտակցելով պատասխանատվությունս, հասկանալով, որ դա իմ առաքելությունն է, ես ուզում էի ամեն ինչ անել իմ ներդրումն ապահովելու համար, հիմա տուն վերադառնալու ժամանակն է: Ես հպարտ եմ, որ հաղթեցինք, երջանիկ եմ», - ասել է մի անանուն չինացի բժիշկ։
Չինաստանը բժիշկների թիմ է գործուղում Իտալիա, չինացիները Եվրոպայում կորոնավիրուսից սարսափելի տուժած այդ երկիր կուղարկեն նաև բժշկական սարքավորումներ և կցուցաբերեն անհրաժեշտ այլ աջակցություն։
Նախագահ Սի Ծինփինը հեռախոսով հարցը քննարկել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ։ Չինաստանի նախագահն ասել է, թե համոզված է, որ Իտալիան ի վերջո կհաղթի համավարակի դեմ պայքարում։