Ամիսներ ձգված բանակցություններից հետո ի վերջո Վրաստանի իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը՝ Միացյալ Նահանգների դեսպանի և մի խումբ արևմտյան դիվանագետների միջնորդությամբ, կարողացան փոխադարձ համաձայնության հասնել աղմկահարույց ընտրական համակարգի և ընդդիմադիր առաջնորդներին ազատ արձակելու շուրջ:
Ըստ գրավոր համաձայնության՝ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հնարավորինս համամասնականին մոտ համակարգով: Օրենսդիր մարմնի 150 անդամներից միայն 30-ը կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, մնացած 120-ը՝ բացառապես կուսակցական ցուցակներով:
Իշխող «Վրացական երազանք»-ն առաջարկում էր «50+100» բանաձևը, որը, տարբեր հարցումների համաձայն, կապահովեր կայուն մեծամասնություն օրենսդիր մարմնում:
Կողմերը նաև պայմանավորվել են քաղաքական կուսակցությունների համար ընտրական շեմը 3 տոկոսից նվազեցնել մինչև 1 տոկոս: Այդպիսով, ապագայում վրացական խորհրդարանում կարող են հայտնվել գաճաճ կուսակցություններ, որոնք տասնամյակներով օրենսդիր մարմնում ներկայացուցիչներ չեն ունեցել:
Ինքնուրույն կառավարություն ձևավորելու իրավունք կունենա միայն կուսակցական ցուցակներով առնվազն 40 տոկոս քվե ստացած ուժը: Հաշվի առնելով վրացական իրողությունները՝ սա գործնականում նշանակում է, որ առաջին անգամ երկրի պատմության մեջ Վրաստանը կունենա կոալիցիոն կառավարություն:
Իշխող ուժը ընդդիմադիրներին հորդորում է ժամանակից շուտ չուրախանալ: «Ընտրություններում հաղթում են ոչ թե ինչ-որ առանձին համակարգի, այլ հանրության աջակցության շնորհիվ», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, իշխող ուժը նաև պարտավորվել է ձեռնարկել բոլոր քայլերն ընդդիմադիրներին` այդ թվում Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին շուտափույթ ազատ արձակելու, ինչպես նաև քրեական գործերը չեղարկելու ուղղությամբ:
Բացի այդ, «Վրացական երազանք»-ը պետք է քրեական պատասխանատվությունից ազատի ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք արդարադատության առաջ են կանգնել անցած ամռանը երկրում արյունալի բախումների հանգեցրած բողոքի ցույցերից հետո:
Ներքաղաքական տևական առճակատմանը վերջ դնող այս պատմական պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, շատերի կարծիքով, առանցքային դերակատարություն է ունեցել Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը. մի շարք ամերիկացի կոնգրեսականներ այլևս բաց տեքստով սպառնում էին պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Թբիլիսի, այդ թվում՝ իշխող ուժի առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ընդդիմադիրների պահանջներն անտեսելու համար:
Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը, հիշեցնենք, սկիզբ էր առել դեռևս անցյալ տարվա ամռանը: Բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոստացավ կատարել ցուցարարների պահանջներից մեկը և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Ամիսներ անց խորհրդարան հասած այդ խոստումը հենց իշխող մեծամասնության կողմից էլ տապալվեց՝ հարուցելով բողոքի նոր ալիք:
Ներքաղաքական լարվածությունը մեղմելու հարցում միջնորդություն ստանձնեցին Վրաստանի միջազգային գործընկերները` ամիսներ շարունակ փորձելով մեկ սեղանի շուրջ նստեցնել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին:
Հատկապես վերջին շրջանում ընդդիմադիրների բանտարկությունների ֆոնին այդ գործընթացն այլևս անհնարին էր թվում։ Արևմտյան դիվանագետներն, ի վերջո, գտան վրաց քաղաքական գործիչներին սեղանի մոտ բերելու ամենահեշտ և կարճ ճանապարհը. բավական էր բանակցային սեղանը վերանվանել «Սուփրա», և բոլորն անմիջապես շտապեցին ներկա գտնվել դրան:
Սուփրան (վրացերենից թարգմանաբար՝ խնջույք , կերուխում) Վրաստանի ոչ նյութական մշակութային արժեքներից է, և դրան մասնակցելու հրավերի մերժումը համարվում է կոպիտ սխալ ու անշնորհքություն, ուստի վրաց իշխանավորները և ընդդիմադիրները, չմերժելով հրավերը, փետրվարի վերջին օրերին բանակցությունները վերսկսել են ճաշի կամ նախաճաշի սեղանի շուրջ: