Թավշյա հեղափոխությունից հետո մենք կարող ենք ակնկալել, որ Մարտի 1-ի գործով արդարադատությունն ի վերջո տեղ կհասնի, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դիմադրությունը շարունակվում է, երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքոը ձգձգվում է պաշտպանության կողմի մշտական «հնարքների» պատճառով:
«Իրենք փաստորեն փորձում են ամեն ինչ անել, որ դատավարությունն ի վերջո չգա իր տրամաբանական եզրահանգման, և անգամ չկարդացվի մեղադրական եզրակացությունը: Իրենց հույսը նրա վրա է, որ օգտագործելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը` ՍԴ-ն մինչև հանրաքվեն կկարողանա այնպիսի որոշում ընդունել, որ անհնար դարձնի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջ քաշած մեղադրանքը», - նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե սա քաղաքական հետապնդում է երկրորդ նախագահի նկատմամբ, նա նշեց` լավ կլիներ, որ ժողովրդի վրա կրակողներն անձամբ բացահայտվեին, բայց նաև ասաց` ամեն մեկն իր մեղավորությունն ունի. - «Ոչ ոք չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանը գնացել և զենքով, Կալաշնիկովով սպանություններ է կատարել, ոչ ոք նման բան չի ասում, Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը, նա ապօրինաբար բանակին ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ, տվել է ապօրինի հրամաններ, իր օրոք է եղել 0038 գաղտնի, ապօրինի և հակասահմանադրական հրամանը, ինքը պատասխանատվություն է տալիս դրա համար, հենց իր գործողությունների շնորհիվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող էին անպատիժ կրակել, մարդ սպանել և անպատիժ մնային: Իհարկե, լավ կլիներ նաև, որ բացահայտվեին կոնկրետ կատարողները»: