Մատչելիության հղումներ

Քոչարյանը մեղադրում է դատարանին իր գործի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական նիստը։

Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դադարեցնել քրեական հետապնդումը։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նախկին նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ գործի նյութերն ամբողջությամբ իրենց չեն տրամադրում, ինչն ընտրովի մոտեցում է իրենց հանդեպ:

«Խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել: Ամբողջ քրեական գործում ընդամենը կա 2 նյութ, 2 նամակ Ազգային անվտանգությունից: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարձությունները, ինչ էր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Ուղղակի հնարավո՞ր է դրան հավատալ», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը։

Քոչարյանը խոսեց նաև Մարտի 1-ի զոհերի մասին՝ նշելով, որ իր նշած գործի նյութերում, կարծում է, որ կան նաև սպանությունների հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ։

«Հիմնավոր կասկած ես ունեմ, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր 10 սպանությունը բացահայտելու համար։ Ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած` մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել, պատճառներից մեկը կարող է լինել այն, որ չեն ուզում, որովհետև դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի բովանդակությանը, և երկրորդը՝ ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե՞ ոչ», - ասաց Քոչարյանը։

Նախկին նախագահի փաստաբանների միջնորդության հիմքում այն է, որ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը 2008-ին չի եղել, հետևաբար երկրորդ նախագահը չի կարող հետապնդվել: Փաստաբան Հայկ Ալումյանի պարզաբանմամբ՝ 2008-ին գործող Քրեական օրենսգրքի 300 հոդվածն իր հերթին անորոշություն է պարունակել, ինչն էլ հետագայում փոփոխվեց:

«Մեր Վճռաբեկ դատարանը որոշակի մեկնաբանություն է արել հանրապետության նախագահի անձեռնմխելիության շեմի հետ կապված, այսինքն՝ սահմանել է մի շեմ, շեմից վերև անձեռնմխելիությունը չի գործում, շեմից ներքև անձեռնմխելի է: Հիմա հաղթահարվա՞ծ է արդյոք տվյալ դեպքում այդ շեմը, թե՞ հաղթահարված չի», - հարցրեց Ալումյանը:

Վերջինս, ինչպես նաև մյուս փաստաբանները պնդում են՝ 2008-ի իրադարձություններից հետո այսպես կոչված «7-ի գործով» մեղադրյալները սահմանադրական կարգը տապալելուն վերաբերող հոդվածով չեն դատվել, քանի որ այն 2009-ին փոփոխվել է, և իրենց բնորոշմամբ՝ նոր հոդված է ներառվել Քրեական օրենսգրքում։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ 2009-ի մարտի 31-ին մեղադրող դատախազների որոշմամբ ընդդիմադիրներ Ալեքսանդր Արզումանյանի ու մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացման մասով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի. - «Այդ գործով մեղադրանքից հրաժարվելու ժամանակ դատախազները գտել են, որ 2009 թվականի մարտի 18-ի օրենքով քրեականացվել է նոր արարք, բայց պարզ չէ, թե ինչու են նրանք այդպես գտել: Օրինակ՝ ես այսքան փաստարկներ եմ ներկայացնում, թե ինչու դա նոր հանցանք չէ: Մեջբերում եմ Վենետիկի հանձնաժողովի ուղիղ գնահատականը»:

Գևորգ Բաղդասարյանը մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի այն ժամանակ տված եզրակացությունը՝ 2008-ին Քրեական օրենսգրքի 300 հոդվածի և արդեն Քրեական օրենսգրքի նոր՝ 300.1 հոդվածի վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։

«Փաստարկ են բերում, որ Վենետիկի հանձնաժողովը եթե այդպես գտներ, ինչպես պաշտպանության կողմն է հակառակ դիրքերից ներկայացնում, մեզ թույլ չէր տա առհասարակ քննարկել դրա հետադարձ կիրառությունը, որովհետև հետադարձ կիրառության քրեականացնող օրենքի հետադարձ կիրառության արգելքը բացարձակ արգելք է, նույնը կամ հակառակը դրան հակառակ, բայց նույն տրամաբանությամբ, նույն ծավալով, փաստարկներով քննարկում մեղադրանքից հրաժարված որոշումների մեջ չկա: Եվ մենք միշտ ասել ենք դա, որ այո, պարզ չէ, թե ինչու են մարդիկ այդպես գտել: Ես դարձյալ մեղադրանքի ձևակերպումներ չեմ անում՝ մեղադրանքն ամբողջությամբ շուտով հրապարակելու նպատակով», - հայտարարեց դատախազը:

Հաջորդ դատական նիստը փետրվարի 18-ին է:

XS
SM
MD
LG