Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը բողոքներ է ներկայացրել «Մարտի 1»-ի գործերով ևս երկու դատավճիռների դեմ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008 թվականին կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

2008-ի հունիսի 16-ի դատավճռով Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։ «Դատարանը հաստատված է համարել, որ վերջինս իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող մետաղյա մահակ, իսկ 2008թ. մարտի 1-ին` ժամը 2030-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գտնվելով Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մոտակայքում՝ չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենան ստուգելու օրինական պահանջին, հրաժարվել է հնարավորություն ընձեռել զննելու ավտոմեքենայի բեռնախցիկը, ստեղծել է քաշքշուկ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ», - ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Իսկ Թարխանյանը Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտակա անավարտ շինությունների ժամանակավոր ցանկապատերից պոկել և զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողեր, նման եղանակով և կոչերով ուղղորդել է շարունակել զանգվածային անկարգություններն ու բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչի արդյունքում ձողերով հարձակվել են վերջիններիս վրա ու հարվածել նրանց»: Նա դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման։

Գլխավոր դատախազության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված երկու գործով մեղադրական դատական ակտ կայացնելիս դատարանները թույլ են տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ, ասված է հաղորդագրությունում։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել են Երևանի Ազատության հրապարակում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարների վրա: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվել է տասը մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG