Չնայած մասնագետների ջանքերին՝ Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսն ընդարձակում է սահմանները՝ Եվրոպայից մինչև մեր տարածաշրջան:
Երեկ Թեհրանը հայտարարեց, թե երկրում ևս երկու հիվանդ է մահացել, ըստ այդմ՝ Իրանում արդեն հիվանդության զոհ է դարձել առնվազն 8 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելանում է նաև նոր հիվանդների թիվը. այս պահին Իրանի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 տասնյակ մարդ: Ընդ որում, ակնկալվում է, որ այս ցուցանիշն առաջիկայում կարող է ավելանալ, քանի որ 785 մարդ գտնվում է կարանտինի մեջ:
Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու համար վարչապետ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարեց՝ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես կդադարեցվի. չվերթները երկու շաբաթով կչեղարկվեն, Մեղրիի սահմանակետը կփակվի: Ավելի վաղ Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու որոշում էին ընդունել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի ու Քուվեյթի իշխանությունները:
Եվրոպայում ուշադրության կենտրոնում Իտալիան է, որտեղ արձանագրվել է հիվանդացության ու մահվան ամենաբարձր ցուցանիշը՝ առնվազն երեք մարդ մահացել է, 130-ը՝ ախտահարվել: Հիվանդների մեծ մասը հյուսիսում են՝ Լոմբարդիայի և Վենետոյի վարչական շրջաններում, ինչն էլ ստիպեց երեկ տեղական իւշխանություններին ժամանակից շուտ փակել Վենետիկի հայտնի դիմակահանդեսը: Վիրուսի մասին տեղեկությունները օրեր առաջ էին տարածվել: Վենետիկի դիմակահանդեսին բնորոշ պսպղուն ու խայտաբղետ հանդերձանքի փոխարեն այս տարի տեղում բժշկական դիմակներն էին գերակշռում:
Առայժմ իտալացի բժիշկներին չի հաջողվում գտնել՝ երբ և ինչ ճանապարհով է վարակը երկիր ներթափանցել:
Դրա տարածումը կանխելու համար տեղական իշխանությունները հյուսիսում ավելի քան մեկ տասնյակ քաղաքների ելումուտը փակել են: Շուրջ 50 հազար մարդ այժմ չի կարող ճանապարհորդել։ «Հյուսիսը՝ վիրուսային պաշարման մեջ», «Վիրուս պարալիսիս», - գրել են տեղական թերթերը: Reuters-ի կադրերում ամայացած մայրուղիներ են ու փողոցներ: Չեղարկվել են տասնյակ մարզական հանդիպումներ, այդ թվում՝ Սերիա Ա-ի ֆուտբոլային խաղերը:
Միլանի համալսարանները մի քանի օր է՝ փակ են, ըստ քաղաքապետի՝ դպրոցները ևս կփակվեն. - «Ես կարծում եմ, մենք նաև այդ քայլին պետք է գնանք, և պատրաստվում եմ ներկայացնել այդ առաջարկը Լոմբարդիայի վարչական շրջանի ղեկավարին: Միաժամանակ, ուզում եմ ընդգծել, որ սա զուտ կանխարգելիչ քայլ է, մենք չենք ուզում խուճապ տարածել»։
Վերջին օրերին մտահոգիչ պատկեր է արձանագրվել նաև Հարավային Կորեայում, որտեղ նոր վիրուսից 6 մարդ է մահացել, 600-ը՝ հիվանդացել: Իշխանությունները տագնապի ամենաբարձր շեմն են սահմանել, դպրոցներում և հիվանդանոցներում դասերը հետաձգվել են առնվազն մեկ շաբաթով: Երկրի նախագահը հորդորել է կառավարությանը «աննախադեպ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ հիվանդության տարածումը կանխելու համար»:
Չինաստանում, որտեղից և անցած տարեվերջին սկիզբ էր առել համաճարակը, հիվանդացության տեմպերը մի փոքր դանդաղել են։ Նախագահ Սի Ծինփինը, սակայն, երեկ պնդել է՝ այս վարակը առողջապահության համակարգում արձանագրված ամենամեծ մարտահրավերն է հանրապետության հիմնադրումից ի վեր: