Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից ևս երկու մահ` Իրանում


Իրան-Մարդկանց ջերմությունն ստուգում են հանրային վայրերում
Իրան-Մարդկանց ջերմությունն ստուգում են հանրային վայրերում

Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել. Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդել է ևս երկու հիվանդների մահվան մասին, առանց մանրամասնելու` երբ և որտեղ են դեպքերը գրանցվել:

Ըստ այդմ, մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:

Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր, թե նոր վարակման դեպքերից երկուսը Թեհրանում են, ութը` Թեհրանից 120 կմ հարավ գտնվող Քոմ քաղաքում, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:

Կառավարությունը մի շարք քաղաքներում փակել է դպրոցները, համալսարաններն ու կինոթատրոնները, թատերական ներկայացումներն ու համերգները չեղարկվել են, ֆուտբոլային խաղերը կկայանան, բայց`առանց երկրպագուների:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Վրաստանը ևս խորհուրդ է տվել խուսափել այցելությունից: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան:

XS
SM
MD
LG