Մատչելիության հղումներ

Վարչապետ. Կառավարությունն Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին որոշում կընդունի


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով կդադարեցվի: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան», - գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։

Նա նաև տեղեկացրել է, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։

Այս հանձնաժողովը, հիշեցրել է նա, գործում է հունվարի 31-ից։

«Ամեն դեպքում հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», - նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, այսօր Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել: Մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել:

Կառավարությունը մի շարք քաղաքներում փակել է դպրոցները, համալսարաններն ու կինոթատրոնները, թատերական ներկայացումներն ու համերգները չեղարկվել են, ֆուտբոլային խաղերը կկայանան, բայց`առանց երկրպագուների:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Վրաստանը խորհուրդ է տվել խուսափել այցելությունից: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան:

XS
SM
MD
LG